Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԻԻՀ փոխնախագահի հայ ներկայացուցիչը բժշկական բուհում քննարկեց դիպլոմների փոխճանաչման հարցը

ԻԻՀ փոխնախագահի հայ ներկայացուցիչը բժշկական բուհում քննարկեց դիպլոմների փոխճանաչման հարցը

Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի` Հայաստանի Հանրապետությունում գիտական հարցերով ներկայացուցիչ, ԻԻՀ գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ֆակուլտետի նախագահ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ Մկրտիչ Թումանյանն աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում էր։

Այցի նպատակն էր հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավար կազմի հետ անցկացնել քննարկումներ երկու երկրի բուհերի դիպլոմների փոխճանաչման թեմայի շուրջ։

Նոյեմբերի 28-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում կայացավ հանդիպում Մկրտիչ Թումանյանի հետ, որին մասնակցում էին ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը և հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը։

Դեկտեմբերի 3 -ին Մկրտիչ Թումանյանն այցելեց բժշկական համալսարան: Հանդիպման ընթացքում պրոռեկտոր Երվանդ Սահակյանը տեղեկացրեց, որ այս տարվա փետրվարին համալսարանի «Բուժական գործ» երեք լեզվով դասավանդվող կրթական ծրագիրն անցավ Բժշկական կրթության համաշխարհային ֆեդերացիայի (WFME) չափորոշիչներին համապատասխան միջազգային ծրագրային հավատարմագրում։ Այս փաստը, նրա խոսքով, այն չափանիշներից է, որը կարող է հիմք հանդիսանալ դիպլոմների փոխճանաչման համար։

Մկրտիչ Թումանյանի զեկույցի հիման վրա Իրանում կքննարկեն հայկական բուհերի տրամադրած դիպլոմների ճանաչման հարցը։ Իրանահայ պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանն անվտանգ և Իրանին մոտ երկիր է, այստեղ իրանցի շատ ուսանողներ են սովորում, և կրթական համագործակցությունը հարևան երկրի հետ կնպաստի նաև Հայաստանի և Իրանի միջև տարբեր բնագավառներում փոխգործակցության ընդլայնմանը։

Նշենք, որ ներկայում բժշկական բուհում սովորում է 153 իրանցի ուսանող։