Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Իրանում անցկացված օրգանների փոխպատվաստման կոնֆերանսին Հայաստանը ներկայացրել է ԵՊԲՀ դասախոսը

Իրանում անցկացված օրգանների փոխպատվաստման կոնֆերանսին Հայաստանը ներկայացրել է ԵՊԲՀ դասախոսը

Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսի շրջանակում զեկույցով հանդես է եկել ԵՊԲՀ ընդհանուր Վիրաբուժության ամբիոնի դոցենտ Հայկ Հարությունյանը՝ ներկայացնելով «Լյարդի փոխպատվաստման նվաճումները, մարտահրավերները և հեռանկարները Հայաստանում»։

Մայիսի 13-15-ին Իրանի Շիրազ քաղաքում, հանրահայտ Abu Ali Sinai Charity Hospital-ում տեղի ունեցավ օրգանների փոխպատվաստման հերթական կոնֆերանսը։

««Աբու Ալի Սինա» հիվանդանոցը համարվում է Մերձավոր Արևելքի ամենահագեցած օրգանների փոխպատվաստման կենտրոնը։ Տարեկան իրականացվում է շուրջ 600-1000 լյարդի փոխպատվաստում, ինչը գերազանցում է նույնիսկ ԱՄՆ-ի ցուցանիշները։  Փոխպատվաստումներ կատարվում են դիակային և կենդանի դոնորից՝ ինչպես մեծահասակներին այնպես էլ մանկահասակներին։ Աշխարհում իրականացվող որևէ փոխպատվաստում չկա, որ այս համբավավոր հոսպիտալում չիրականացվի (լյարդ, երիկամ, սիրտ, թոքեր, աղիներ, ենթաստամոքսային գեղձ, մուլտիվիսցերալ կոմպլեքս օրգաններ, հյուսվածքներ, բջիջներ… և այլն): Ընդհանուր առմամբ, հիվանդանոցում մինչ այժմ իրականացվել է ավելի քան 11 հազար օրգանների փոխպատվաստում»,- մանրամասնում է Հայկ Հարությունյանը:

Նրա փոխանցմամբ` Abu Ali Sina համալիրը 4-րդ սերնդի համալսարան է, որտեղ միավորված են բժշկական կենտրոնը, գիտահետազոտական ինստիտուտները, տեխնոլոգիական ստարտափները և հասարակական ծառայությունները։

Այս համալիրը ձգտում է դառնալ Միջին Արևելքի «Քեմբրիջը»՝  գիտահետազոտական ներուժով, բարձրորակ կրթությամբ և առողջապահական ծառայություններով։

«Թող զարմանալի չթվա, բայց Abu Ali Sinai Hospital-ում անգամ մարդու մինիուղեղ են աճեցնում, ռեգեներատիվ բժշկությունն են զարգացնում»,- նկատում է համալսարանականը:

Օրգանների փոխպատվաստման ԵվրԱսիական-Իրանական կոնգրեսին ներկա էին շուրջ 500 մասնակից։

Մասնակից երկրներն էին. ԱՄՆ, Բելգիա, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Ճապոնիա, Քուվեյթ, Լիբանան, Իրաք, Իրան, Տաջիկստան, Ղազախստան, Ուզբեկստան, Ռուսաստան, Հնդկաստան, Բելառուս, Հայաստան և այլն։

Հայաստանը ներկայացնում էր ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի տրանսպլանտ թիմի կոորդինատոր, վիրաբույժ, բ.գ.թ. Հայկ Հարությունյանը։

Կոնգրեսի շրջանակում զեկույցով հանդես եկավ Հայկ Հարությունյանը՝ ներկայացնելով Լյարդի փոխպատվաստման նվաճումները, մարտահրավերները և հեռանկարները Հայաստանում։

Զեկույցի վերջում հնչեցին գովեստի խոսքեր Տրանսպլանտ կենտրոնի ղեկավար, Գիտական խորհրդի նախագահ պրոֆեսոր Սաման Նիկեղբալիանի կողմից, ով նաև պատրաստակամություն հայտնեց հետագա համատեղ ծրագրերի իրականացման համար։

Քննարկվեցին փոխպատվաստման հետ կապված հետևյալ թեմաները. դիակային փոխպատվաստման տեսակներն ու խնդիրները, օրգանների (սրտի, լյարդի, երիկամների, թոքերի և ենթաստամոքսային գեղձի) փոխպատվաստման մարտահրավերները, լյարդի հետփոխպատվաստումային շրջանի բարդությունների (Small for size սինդրոմ, Իշեմիկ-ռեպերֆուզիոն վնասում, օրգանի մերժում, շետաբոլիկ խանգարումներ, De novo ուռուցքներ և այլն) վարման առանձնահատկությունները, լապարասկոպիկ և ռոբոտիկ եղանակով լյարդի փոխպատվաստման արդյունքները, լյարդի փոխպատվաստման ռադիոլոգիական և պաթոլոգիական ասպեկտները, արհեստական բանականության դերը փոխպատվաստման մեջ և բազմաթիվ այլ կազմակերպչական հարցեր։