Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Կատաղության մասին. վերլուծական  

Կատաղության մասին. վերլուծական   

Ըստ ProMED պարբերականի տարածած տեղեկատվության` ՌԴ Տվերի մարզի Տորժոկսկի շրջանի բնակչուհին վարակվել է կատաղությամբ բակային շան կծելուց հետո, որին նա պարբերաբար կերակրում էր։ Փրկել 33-ամյա կնոջը չի հաջողվել, նա մահացել է ՝ չնայած ժամանակին դիմել է բժշկական օգնության: Ինչպես պատմել է մահացածի ընկերուհին, շունը ոչ թե պարզապես կծել է ձեռքը, այլ հարձակվել և կատաղի կերպով սկսել է հոշոտել կնոջը: Դրանից հետո տուժողն անմիջապես դիմել է հիվանդանոց, որտեղ նրան պատվաստել են, սակայն դա չի օգնել։ «Բժիշկները չեն առաջարկել իմունոգլոբուլին  և միայն պատվաստել են տուժողին կատաղության դեմ», – նշել է տուժողի ընկերուհին լրագրողի հետ հարցազրույցի ժամանակ: Աղջկա վիճակը սկսել է սրընթաց վատանալ, սկսվել է ջրավախությունը, թոքերի հետ կապված խնդիրներ, այնուհետև նա կոմայի մեջ է ընկել և օգոստոսի 31-ին մահացել։

Ռոսպոտրեբնադզորի տվյալներով՝ 2021 թվականին Ռուսաստանի տարածքում կատաղությունից մահացել է վեց մարդ, 2022 թվականին՝ երկու մարդ։

Կենդանու կծելու դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս անմիջապես դիմել մոտակա բուժհաստատություն, նույնիսկ եթե ընտանի կենդանու մոտ հիվանդության ախտանշաններ չեն նկատվում: Կատաղության վիրուսը կարող է կենդանու թքի մեջ մնալ ախտանիշների սկսվելուց մեկ շաբաթ առաջ:

Գլոբալ առումով, աշխարհում կատաղությունը հանդիպում է ավելի քան 150 երկրներում: Եթե վարակի ախտանիշները զարգանում են և մահվան ելքը անխուսափելի է, խորհուրդ է տրվում նշանակել համապարփակ պալիատիվ խնամք՝ հիմնվելով կարեկցանքի սկզբունքի վրա:

Գոյություն ունի բուժման տարբերակ, որը պացիենտին դեղորայքային կոմայի մեջ մտցնելն է և նրա կենսագործունեությունը պահպանելը այնքան ժամանակ, քանի դեռ իմունային համակարգը չի կարողանում հաղթահարել վիրուսը: Նման բուժումն առաջին անգամ օգտագործվել է Միլուոկիի հիվանդանոցում 2004 թվականին և անվանվել է «Միլուոկիի ընթացակարգ»: Դրա արդյունավետությունը 20-25% է:

Հաղորդվում է, որ Բրազիլիայում մշակվել է նաև ընթացակարգ՝ օգտագործելով արհեստական կոմա: Երկու մարդ փրկվել է: Ի տարբերություն միլուոկյան արձանագրության, հիվանդի կոմայից դուրս բերումը այս դեպքում կատարվում է՝ կախված ողնուղեղային հեղուկում հակամարմինների տիտրերից:

2023 թվականի սեպտեմբերին հաղորդվել է կատաղության դեմ դեղամիջոց գտնելու որոշակի առաջընթացի մասին։  Հետազոտողները պարզել են, որ հատուկ մշակված F11 մոնոկլոնալ հակամարմինների կիրառումը փորձարարական կենդանիներին վիրուսով վարակելուց հետո 5-րդ օրը հանգեցրել է կատաղության ախտանիշների հետընթացի և ապրելիության աճի, և դա վերաբերել է դեպքերի 67%-ին: Վարակվելուց հետո 7-րդ օրը բուժումն օգնել է դեպքերի 50%-ին: Միևնույն ժամանակ, կատաղությամբ վարակված և բուժում չստացած բոլոր մկները սատկել են։  Չնայած գիտնականներին դեռ չի հաջողվել վիրուսն ամբողջությամբ դուրս բերել փորձարարական կենդանիների ուղեղից, հիվանդության ախտանշաններն անհետացել են, և նրանց օրգանիզմում վիրուսային ծանրաբեռնվածությունը վարակից հետո մնացել է ցածր մակարդակի վրա ևս 4 ամիս:

Այնուամենայնիվ, դեռևս կատաղությունը գրեթե միշտ մահացու հիվանդություն է և պայքարի առավել արդյունավետ միջոցը մնում է ճիշտ և գրագետ կազմակերպված հետազդակային կանխարգելումը` վերքային մակերեսի լվացում առնվազն 15 րոպե ջրով և օճառով, սպեցիֆիկ ակտիվ-պասիվ իմունականխարգելում /կախված համաճարակաբանական տվյալներից յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար/:

Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ կատաղության պատվաստանյութը չունի որևէ հակացուցում: