«Հերացի» համալսարանական հիվանդանոցն ապրիլի 23-ին համախմբել էր հայ և ֆրանսիացի մասնագետներին՝ «Նյարդային վնասվածքների էլեկտրանեյրոմիոգրաֆիկ (ENMG) գնահատումը» թեմայով 8-րդ աշխատաժողովի շրջանակում:
Ռադիոլոգիայի կենտրոնի էլեկտրանեյրոմիոգրաֆիայի բժիշկ, ԷՆՄԳ լաբորատորիայի հիմնադիր, նյարդաբան, բ․գ․թ․ Բելլա Գրիգորյանը, ողջունելով մասնակիցներին, համառոտ ներկայացրեց համագործակցության պատմությունը, որը մեկնարկել էր 2020 թվականի պատերազմից հետո՝ 2021 թվականի հունվարից, երբ ֆրանսիացի նյարդաբանները ժամանեցին՝ աջակցելու վիրավոր հայ զինվորներին օգնություն ցուցաբերելու հարցում։ «Ստեղծվեցին էլեկտրանեյրոմիոգրաֆիայի նոր լաբորատորիաներ Կենտրոնական զինվորական հոսպիտալում, Գյումրիի և Գորիսի բժշկական կենտրոններում։ Ֆրանսիացի գործընկերների oգնությամբ մենք զննում էինք պացիենտներին, քննարկում և բացահայտում բարդ կլինիկական դեպքերը, կիսվում փորձով և գիտելիքով», – պատմեց համալսարանական բժիշկը։
Նա հավելեց, որ տեղացի մասնագետների համար կազմակերպվել է արդեն 8 գործնական դասընթաց: «Մեր հետագա նպատակներն են շարունակել համագործակցությունը, ավելի շատ պրակտիկ դասընթացներ կազմակերպել հայ մասնագետների համար և, իհարկե, ստեղծել ամուր կապ երկու երկրների նյարդաբանների միջև։ Ի դեպ՝ արդեն 2 հայ նյարդաբան վերապատրաստվել է Լիոնի համալսարանական հիվանդանոցի էլեկտրանեյրոմիոգրաֆիայի լաբորատորիայում», – շեշտեց Բելլա Գրիգորյանը։
Լիոնի համալսարանական հիվանդանոցի ԷՄԳ լաբորատորիայի ղեկավար, նյարդաբան Ֆրանսուազ Բուհուրն աշխատաժողովի ընթացքում անդրադարձավ կլինիկական դեպքերին և դրանցից քաղված դասերին, նույն հիվանդանոցի նյարդաբան, ԷՄԳ մասնագետ Լոռան Ժոմիռը խոսեց ուլնար նեյրոպաթիայի մասին, իսկ նույն հիվանդանոցի ֆիզիոթերապիստ, վերականգնողական կինեզիստ Անն-Լիզ Գառելի դասախոսությունը վերաբերում էր նյարդաբանական պաթոլոգիաների գնահատմանը և վերականգնմանը։
Բժշկական համալսարանի մասնագետների և կլինիկական օրդինատորների համար նախատեսված հայ և ֆրանսիացի նյարդաբանների աշխատաժողով-սեմինարները կլինեն շարունակական։