Օտարերկրացի ուսանողների բանավեճի մրցույթի եզրափակիչ փուլի մեկնարկից առաջ ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին հանուն հայրենիքի զոհված հայ հերոսների անմար հիշատակը։
Օտարերկրացի ապագա բժիշկների 2 թիմ (Թիմ 2 և Թիմ 7) թեժ բանավեճ անցկացրին «Ու՞մ ներդրումն է ավելի մեծ բժշկական ոլորտում՝ թերապևտի թե ընդհանուր վիրաբույժի» թեմայով։
Մրցութային ժյուրիի կազմում էին Օտարեկրացիների ուսուցման փոխդեկան, Հյուսվածքաբանության ամբիոնի ավագ դասախոս Անահիտ Ազնաուրյանը, Օտարեկրացիների ուսուցման փոխդեկան, Նորմալ անատոմիայի ամբիոնի դասախոս Մերի Մխիթարյանը, Կրթական ծրագրերի բաժնի ղեկավար և ֆարմակալոգիայի ամբիոնի դոցենտ Արամ Բայկովը, Օտարերկրացի ուսանողների հետ տարվող աշխատանքային բաժնի ղեկավար Ռահուլ Անիլ Սետհին։
Ռահուլ Անիլ Սետհին հորդորեց բանավեճի կողմերին թեմայի վերաբերյալ վկայակոչել հստակ թվեր, հետազոտությունների արդյունքներ՝ մատնանշելով և՛ թերապևտների, և՛ վիրաբույժների սխալները։
Ժյուրիի գնահատականների արդյունքներով հաղթող ճանաչվեց յոթերորդ թիմը (Թիմ 7-ը), որի անդամներին շնորհվեցին հավաստագրեր և գրքեր։ Հավաստագրեր հանձնվեցին նաև բանավեճի մյուս բոլոր մասնակիցներին։
Արամ Բայկովը, շնորհավորելով բանավեճի մասնակիցներին, կոչ արեց ուսանողներին կենտրոնանալ ընդհանուր առողջապահական համակարգի կարևորության վրա։ «Բանավեճի թեմա հանդիսացող հարցերի մեծամասնությունը վիճահարույց է, և չկա որևէ հստակ ճիշտ պատասխան։ Բժշկության ցանկացած ճյուղ ունի իր կարևորությունը։ Բժշկական յուրաքանչյուր նեղ մասնագիտացում ունի իր պացիենտներին», – ընդգծեց դասախոսը։
Մերի Մխիթարյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին։ «Ապագա կարիերայում դուք անպայման կգիտակցեք հաղորդակցման լավ հմտությունների և էթիկայի կարևորությունը», – հավելեց նա։
Ուսանողական խորհրդարանի նախագահ Տիգրան Ալեքսանյանը գոհունակություն հայտնեց այն փաստի առթիվ, որ բանավեճի խաղերը բժշկական բուհում մեկնարկեցին հենց օտարերկրացի ուսանողներից։ «Վստահ եմ, որ խաղերրը կլինեն շարունակական, իսկ բանավեճը՝ վարակիչ», – շեշտեց նա։
Միջոցառման ավարտին Ռահուլ Անիլ Սետհին ընդգծեց․ «Ես ուզում եմ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը, աշխարհի տարբեր երկրներում հայտնվելով, իր գիտելիքներով ու կարողություններով ցույց տա, որ հերացիական է։ Մենք պիտի հպարտանանք՝ լսելով ձեր անունը բժշկության այս կամ այն ոլորտում»։
Շնորհակալական խոսքով բանավեճի մրցույթը եզրափակեց Օտարերկրացի ուսանողների խորհրդի նախագահ Լոկեշ Պրաբակարանը։