Անցնող ձմռան երեք ամիսներին ևս «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի շուրջօրյա ամենագնաց ռեանիմոբիլները նորածիններին փրկելու նպատակով ուղևորվել են Հայաստանի բոլոր մարզեր և Արցախ:
2017 թվականի դեկտեմբերի 1-ից փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում կլինիկան ստացել է 114 կանչ, որից 94-ը՝ մարզերից: Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանի տեղեկացմամբ՝ ժամանակին անհրաժեշտ բուժօգնություն ստանալու և մասնագիտացված բժշկական կենտրոն տեղափոխվելու շնորհիվ գրեթե 90 տոկոս դեպքերում հաջողվում է փրկել բուժօգնության կարիք ունեցող փոքրիկների կյանքը:
Նշենք, որ համալսարանական հիվանդանոցի Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում մայրաքաղաքից և մարզերից տարեկան բուժօգնություն են ստանում ինտեսնիվ թերապիայի կարիք ունեցող 1000-ից ավելի նորածիններ։