Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համալսարանական ամենագնաց ռեանիմոբիլները շարունակում են կյանքեր փրկող կանչեր կատարել

Համալսարանական ամենագնաց ռեանիմոբիլները շարունակում են կյանքեր փրկող կանչեր կատարել

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի շտապօգնության արտագնա բրիգադն այսօր Մեղրիից Երևան է տեղափոխել բրոնխիոլիտ ախտորոշմամբ 17 օրական երեխայի՝ ծանր, թթվածնակախյալ վիճակով:

Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի ղեկավար Հրանտ Կալենտերյանի խոսքով՝ փոքրիկը գտնվում է համալսարանական բժիշկների վերահսկողության տակ. ստանում է համալիր բուժում՝ օքսիգենոթերապիա, ինգալացիոն և հակաբակտերային թերապիա:

Նշենք, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ամենագնաց ռեանիմոբիլներն՝ անկախ եղանակից, կրիտիկական վիճակում հայտնված նորածիններին բուժօգնություն տրամադրելու նպատակով ուղևորվում են ամենահեռավոր մարզեր՝ հաղթահարելով դժվարամատչելի ճանապարհներ:

Բժշկական կենտրոն տեղափոխվելու շնորհիվ գրեթե 92-ից 96 տոկոս դեպքերում հաջողվում է փրկել բուժօգնության կարիք ունեցող փոքրիկների կյանքը:

Արտագնա ծառայության միջոցով տարեկան 800-ից ավելի նորածին Հայաստանի տարբեր ծննդատներից տեղափոխվում են «Մուրացան» հիվանդանոցային համալիր: Մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայում ներդրված են նորածինների բուժման բոլոր առաջադեմ տեխնոլոգիաները:

Հավելենք, որ 2021 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց դիմել է 45166 երեխա, որից 13362-ին բուժօգնություն է տրամադրվել ստացիոնար: