Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հեռաբժշկության հնարավորություններով լսարան՝ «Մուրացան» հիվանդանոցում

Հեռաբժշկության հնարավորություններով լսարան՝ «Մուրացան» հիվանդանոցում

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրում այսօր տեղի ունեցավ հեռաբժշկության հնարավորություններով լսարանի բացումը:

Լսարանը հագեցած է հեռահաղորդակցության միջոցներով և նախատեսված է ուսանողների, կլինիկական օրդինատորների և բժիշկների համար:

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանի խոսքով՝ այստեղ կկազմակերպեն քննարկումներ, կլոր սեղաններ, ինչպես նաև դասախոսություններ: «Հիվանդության դեպքեր քննարկելու նպատակով՝ բժիշկները կկարողանան առցանց կապ հաստատել օտարերկրացի գործընկերների հետ, անցկացնել խորհրդատվություններ՝ հիվանդների բուժումն ավելի արդյունավետ կազմակերպելու համար»,-ասաց գլխավոր բժիշկը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնելով լսարանի ստեղծման ծրագիրն իրականացրած «Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամին՝ նշեց, որ բարերարները, այսօրվա իրականությունը հաշվի առնելով, իրենց ներուժն ուղղել են ամենակարևոր, սոցիալական նշանակություն ունեցող խնդրին: «Այս հիվանդանոցն իր գործունեությամբ աչքի է ընկնում նաև մարզային առողջապահական համակարգում: Հեռաբժշկությունը հնարավորություն կտա ոչ միայն կրճատել արտագնա այցերը, այլև արագ արձագանքել այն խնդիրներին, որոնք առկա են մարզերում»,- ասաց ռեկտորն՝ ավելացնելով, որ  լսարանը եզակի է, հատկապես, կլինիկական օրդինատորների համար, որոնք ավելի լավ կճանաչեն մարզային ամբուլատորիաների խնդիրները:

Արմեն Մուրադյանի կարծիքով՝ ժամանակակից բժշկական կրթությունը պահանջում է ինչպես տեխնիկական հագեցվածություն, այնպես էլ նոր ծրագրեր, որոնք ուղղված կլինեն մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:

ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Գևորգ Թամամյանը, ով լսարանի ստեղծման ծրագրի նախաձեռնողն է, նշեց, որ լսարանի բացումով քայլ է արվում համալսարանական հիվանդանոցներում հեռաբժշկության զարգացման համար: «Այսօր հնարավորություն է ստեղծվել կապ հաստատել նաև մարզային հիվանդանոցների, այդ թվում օտարերկրացի գործընկերների հետ՝ դժվար դեպքերը քննարկելու համար»,- ասաց Գևորգ Թամամյանը:

«Քրոնիմետ» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչը վստահություն հայտնեց, որ լսարանն արդյունավետ կծառայի իր նպատակին, ու համագործակցությունը կլինի շարունակական: