Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Հիվանդանոցային համալիրների կողմից 2017թ. կատարված աշխատանքները ներկայացվեցին կլինիկական խորհրդի նիստում

Հիվանդանոցային համալիրների կողմից 2017թ. կատարված աշխատանքները ներկայացվեցին կլինիկական խորհրդի նիստում

«Հերացի» թիվ 1 և «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրների 2017թ. գործունեության հաշվետվություններին էր նվիրված ԵՊԲՀ կլինիկական խորհրդի այս տարվա առաջին նիստը։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ կլինիկական խորհրդի նիստերի անցկացումն առաջին հերթին ուղղված է առկա խնդիրների վերհանմանը, ինչպես նաև արձանագրված հաջողությունների ամփոփմանը։

Ռեկտորը մեծապես կարևորեց բուժական աշխատանքների բարելավման հարցը։ Նա ընդգծեց, որ նախորդ տարի երկու համալսարանական հիվանդանոցներում էլ բեկումնային էր ընդհանուր մահացության ցուցանիշների նվազումը: Այս ցուցանիշի նվազմանը՝ բուժական աշխատանքների բարելավմանը զուգահեռ, նպաստել են նաև մահվան դեպքերի պաթանատոմիական, կլինիկական վերլուծություններին նվիրված կոնֆերանսները։ Նախորդ տարին համալսարանական կլինիկաների աշխատանքներում աչքի է ընկել նաև նոր ծառայությունների ստեղծմամբ և արդիականացմամբ, ինչպես նաև նոր սարքավորումների ձեռքբերմամբ և բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ։ Արդյունքները շոշափելի են, սակայն կլինիկական գործունեության ոլորտում անելիքները դեռ շատ են։ Օրակարգային է համալսարանական ստոմատոլոգիական կլինիկաների անարդյունավետության բարձրացման հարցը։

Կլինիկական խորհրդի կազմում փոփոխությունների հաստատման հարցից հետո հիվանդանոցային համալիրների գլխավոր բժիշկները ներկայացրին կատարված աշխատանքների արդյունքները։ «Հերացի» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանը ներկայացնելով հիմնական ցուցանիշները նշեց, որ վերջին մեկ տարում ավելացել է թե´ ստացիոնար, թե´ ամբուլատոր պայմաններում բուժօգնություն ստացող քաղաքացիների թիվը։ Աճել են մուտքերը վճարովի ծառայություններից

Ամփոփելով նախորդ տարում գրանցած հաջողությունները բժշկական կազմակերպության ղեկավարը նշեց, որ նախորդ տարվա ամռանը «Արյունաբանական կետի» ստեղծման շնորհիվ հնարավոր է դարձել անհրաժեշտ բուժօգնությունն առավել օպերատիվ կազմակերպել: Համալսարանական մի քանի կլինիկաներ համալրվել են վերջին սերնդի ժամանակակից բժշկական սարքավորումներով և այս գործընթացը շարունակական է։ Հիվանդանոցային համալիրի կազմում գործող «Հերացի» պոլիկլինիկայում ամեն շաբաթ շարունակում է աշխատանքը պրոֆեսորական պոլիկլինիկան, որի շրջանակում ԵՊԲՀ տարբեր ոլորտները ներկայացնող առաջատար պրոֆեսորներն անցած տարի անվճար բժշկական խորհրդատվություն են տրամադրել հազարից ավելի քաղաքացիների։ Համալսարանական հիվանդանոցային համալիրում առաջիկայում ծրագրվում է լապորասկոպիկ և էնդոկրին վիրաբուժական ծառայության ոլորտում ներդնել բուժման նոր մեթոդներ։

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը նշեց, որ 2017 թվականի ընթացքում վերանորոգվել և շահագործման են հանձնվել համալսարանական հիվանդանոցի  մի շարք տարածքներ: Մասնավորապես խոսքը վերաբերում է նորածնային վերակենդանացման բաժանմունքի նոր մասնաշենքի վերանորոգմանը։ Վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև Մանկաբուժական թիվ 1 կլինիկայում և Խաղաթերապիայի սենյակում, որը նաև տեղափոխվել է և կահավորվել։ Հավելյալ վերանորոգվել է ևս 12 հիվադասենյակ։ Այս համալսարանական համալիրում ևս ավելացել է վճարվի ծառայություններից ստացված մուտքերի, ամբուլատոր և ստացիոնար պայմաններում բուժօգնություն ստացողների թիվը:

Նեկրոտիկ էնտերոկոլիտի կանխարգելման ոլորտում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բժիշկների՝ մասնավորապես Մանկական վիրաբուժության կլինիկայի բժիշկ, Մանկական վիրաբուժության ամբիոնի դասախոս Արման Հարությունյանի կողմից արձանագրած լուրջ հաջողությունները մի քանի շաբաթ առաջ ներկայացվել են  Մոսկվայում անցկացված միջազգային գիտագործնական համաժողովում (VI International Scientific and Practical Conference) և օրեր առաջ Շվեդիայում միկրոհամակարգերին նվիրված միջազգային փառատոնի ընթացքում: Բագրատ Բավեյանը խոսեց նաև առաջիկայում անհետաձգելի մանկական որովայնային վիրաբուժության մեջ նեկրոտիկ էնտերոկոլիտի կանխարգելման կարևոր այս թեման առավել հանգամանալից որևէ ձեռնարկի միջոցով ներկայացնելու հնարավորության մասին:

Նշենք, որ երկու համալսարանական համալիրների նեղ մասնագետների մասնակցությամբ անցած տարվա ընթացքում այցեր են կազմակերպվել մարզային բժշկական հաստատություններ։

Անդրադարձ կատարվեց նաև բուժանձնակազմերի վերապատրաստման խնդրին, մանագիտական և կազմակերպական այլ հարցերի։

Նիստի ավարտին ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանը խրախուսական պարգևներ և պատվոգրեր հանձնեց մի խումբ բժիշկների, աշխատակիցների, ինչպես նաև 8 կլինիկական օրդինատորի։ Արմեն Մինասյանն ընդգծեց՝ ուրախալի է այն հանգամանքը, որ վերջին տարիներին համալսարանական հիվանդանոցների կլինիկական աշխատանքների իրականացման գործում կլինկական օրդինատորներն աչքի են ընկել իրենց բարձր պատրաստվածությամբ, անգամ մի քանիսը՝ ուսման գործընթացին զուգահեռ, երրորդ տարում նաև աշխատանքի են անցել համալսարանական հիվանդանոցում: Պատվոգրերի արժանացան նաև կլինիկայի ղեկավարներ, ինչպես նաև համալսարանի ղեկավարության ուշադրությունից չէր վրիպել «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական և նորածնային վերակենդանացման կլինիկայի շուրջօրյա ամենագնաց ռեանիմոբիլների վարորդների պատասխանատու աշխատանքը, ովքեր ևս արժանացան խրախուսական նվերների:

Ամփոփելով նիստը՝ Արմեն Մուրադյանը շնորհավորեց կին աշխատակիցներին գարնանային մեկամսյակի առթիվ և շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար: Նա բարձր գնահատեց բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր ամենօրյա մասնագիտական սխրանքներ են կատարում և հաճախ վտանգելով իրենց սեփական առողջությունը անձնվիրաբար կատարում են իրենց պատասխանատու առաքելությունը: