«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի բակում այսօր մարդաշատ էր: ԵՊԲՀ նախկին շրջանավարտների, հասարակական ու մշակութային գործիչների ու «ԵրՄի» ՈւՀԱ անդամների անմիջական նախաձեռնությամբ համալսարանական հիվանդանոցի Արյունաբանական կետում կազմակերպվել էր արյունատվության ակցիա նվիրված դերասան, շոումեն, հաղորդավար, ԵՊԲՀ շրջանավարտ Մարկ Սաղաթելյանի հիշատակին:
«Շարմ հոլդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանի խոսքով՝ քանի որ հուլիսի 31-ին լրանում է Մարկ Սաղաթելյանի մահվան 5 տարին, ընկերները, մտերիմները, մարդիկ, ովքեր միշտ հիշում են նրան, որոշեցին այս կերպ հավաքվել և հարազատ համալսարանի պատերի ներքո միջոցառում կազմակերպել:
«Ինչպես գիտեք առաջին հիվանդանոցը համալսարանական հիվանդանոց է: Մենք այսօր արյուն կհանձնենք, որը օգտակար կլինի թե երեխաների, թե վիրավոր զինվորների, թե յուրաքանչյոր մարդու համար, ով կունենա դրա կարիքը»,- նշեց Կարեն Ղազարյանը՝ հավելելով, որ խորհրդանշական միջոցառումը յուրօրինակ հարգանքի տուրք է իրենց ընկերոջը, հաշվի առնելով, որ նա կյանքից վաղաժամ հեռացավ արյունաբանական առողջական խնդրի հետևանքով:
Կարեն Ղազարյանը շնորհակալություն հայտնեց, որ արյուն հանձնելու կոչին միանալու պատրաստակամություն են հայտնել նաև արտերկրում բնակվող իրենց ընկերները:
«ԵրՄԻ» թիմի անդամ Արմեն Գրիգորյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց մտերիմ ընկերոջը միշտ նախընտրում են հիշել ժպիտով:
«Ինձ համար նա չի մահացել, ես չեմ համակերպվել այս մտքի հետ: Պարզապես չենք տեսնվում, նախկինում էլ այդպես լինում էր, երբ երկարատև միյմանց չէր ստացվում հանդիպել տարբեր քաղաքներում աշխատելու պատճառով: Բացի անձնական հիշողություններից այնքան շատ տեսանյութեր կան, որոնք կրկին կարող են մեզ հիշեցնել Մարկի մասին»,- ասաց Գրիգորյանը: Որպես Մարկ Սաղաթելյանի հիմնական առանձնահատկություն նա մատնանշեց կրկնօրինակման վարպետությունը, ծիծաղեցնելու կարողությունն ու բեմականությունը:
Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը ներկաներին հայտնեց, որ արձակուրդային շրջանի ավարտից հետո, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ Գիտական խորհրդին կներկայացվի «Հերացի» Արյունաբանական կետը Մարկ Սաղաթելյանի անունով անվանակոչելու առաջարկ:
«Բժշկական համալսարանը՝ ստեղծելով շրջանավարտների ակումբ, նպատակ ունի իր տանիքի ներքո համախմբել աշխարհի տարբեր անկյուններում բնակվող շրջանավարտներին: Մարկ Սաղաթելյանը ֆիզիկապես ներկա չէ, սակայն այսօր բոլորիս համախմբել է արյունատվության այս գաղափարի շուրջ»,- ընդգծեց Գառնիկ Ավետիսյանը:
Նա հույս հայտնեց, որ շատերը կմիանան կամավոր դոնոր դառնալու ծրագրին, քանի որ արյան դոնորությունը մարդասիրական քայլ է և հաճախ փրկում է բազմաթիվ մարդկային կյանքեր:
Նշենք, որ Մարկ Սաղաթելյանը սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտում 1988-1994 թվականներին։ 1991-1994 թվականներին հանդես է եկել Երևանի բժշկական ինստիտուտի ՈՒՀԱ թիմի կազմում, մասնակցել թիմի ելույթների սցենարների ստեղծմանը։ Շոումենի կարիերան սկսել է 1991 թվականից՝ ՈՒՀԱ թիմի կազմում։ 1992 և 1994 թվականներին թիմը դարձել է բարձրագույն լիգայի չեմպիոն։ 1991 թվականին թիմակիցների հետ հիմնել է «Շարմ Հոլդինգ» ընկերությունը, որտեղ մինչև 2005 թվականը եղել է գովազդային բաժնի տնօրենը։ Մահացել է 2013 թվականի հուլիսի 31-ին Երևանում. նրա մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում։