Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երևանի առաջին քաղաքային հիվանդանոցում, տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որը ստեղծվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և ՀՀ պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում՝ Հանրապետության Նախագահի աջակցությամբ և բազմաթիվ բարերարների ու անհատների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ:
Հանրապետության Նախագահը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի, «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինհաշմանդամներին» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Մինասյանի և մի շարք բարերարների ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել իր նախորդ այցից հետո չափազանց կարճ ժամկետում՝ ընդամենը մի քանի ամսում, կատարված մեծ ծավալի աշխատանքներին, հատուկ զինհաշմանդամների համար հիմնված վերականգնողական մասնագիտական կենտրոնի ընթացիկ գործունեությանն ու զարգացման հետագա ծրագրերին: Նախագահը զրուցել է նաև կենտրոնում արդեն իսկ իրենց վերականգնողական բուժումը ստացող հայրենիքի պաշտպանների հետ:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հավաստմամբ՝ կենտրոնը գործելու է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծվելու են նաև սոցիալական ինտեգրման, կրթության և աշխատանքի հարցեր, այն հագեցած է գերժամանակակից վերականգնողական սարքերով և տարածաշրջանում միակն է իր հնարավորություններով:
Արմեն Մուրադյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ կենտրոնի գաղափարին, ինչպես նաև նախատեսված կարճ ժամկետում անհավանական թվացող նախագծի իրագործմանն ի սկզբանե հավատ ընծայելու և պատվաբեր ու պատասխանատու այս նախաձեռնության իրագործման շնորհիվ պետությանն ու ժողովրդին ծառայելու հնարավորության համար: Ռեկտորն այս նախագծի իրագործման հարցում բեկումնային է համարել անցած տարվա հուլիսի 12-ին Նախագահ Սերժ Սարգսյանի այցը կենտրոնի շինհրապարակ, որը, ըստ նրա, նոր խթան հանդիսացավ հետագա աշխատանքի համար:
Հանրապետության Նախագահը երախտագիտություն է հայտնել անչափ կարևոր այս գաղափարն իրականություն դարձրած բոլոր անձանց և առաջին հերթին՝ այստեղ իրենց վերականգնողական բուժումն անցնող հայրենիքի պաշտպաններին՝ նվիրումի ու անմնացորդ ծառայության համար: Նախագահը հորդորել է զինհաշմանդամներին նույնպիսի կամք ցուցաբերել բուժման ընթացքում և կենտրոնի մասնագիտական թիմի հետ միասին ամեն ինչ անել շուտափույթ բուժվելու համար:
«Հենաշարժողական խնդիրներով զինվորների համար այս կենտրոնը վերականգնողական բուժում է իրականացնելու: Այն տղաները, ովքեր ցանկություն էին հայտնում մեկնելու արտերկիր, այսօր արդեն Հայաստանում կարող են լիովին ապաքինվել համապատասխան մասնագետների և գերժամանակակից սարքավորումների օգնությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը հագեցած է ժամանակակից սարքավորումներով, որոնք լիովին բավարար են վերականգնողական բուժումը հավուր պատշաճի իրականացնելու համար: Ի թիվս երկու տասնյակից ավելի նորագույն սարքավորումների, հագեցած է նաև Zero-G քայլվածքի և հավասարակշռության համակարգով: Տարածաշրջանում այս սարքը միակն է և քայլելու ունակությունը վերականգնելու լավագույն հնարավորություններից է: Սարքը ստեղծել է մասնագիտությամբ բժիշկ Ջո Հիդլերը (Joe Hidler), ով ևս Երևան էր ժամանել կենտրոնի բացմանը մասնակցելու նպատակով:
«Այս համակարգը ստեղծել եմ, երբ Վաշինգտոնում Ազգային վերականգնողական կենտրոնի տնօրենն էի: Այս սարքն օգտագործում են Միացյալ Նահանգների առաջադեմ վերականգնողական կենտրոններում, Եվրոպայում, հիմա արդեն նաև Մերձավոր Արևելքում և Հայաստանում»,- նշեց սարքի հեղինակը:
Նշենք, որ ներկայումս կենտրոնում բուժում են ստանում Ապրիլյան պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայողները: Կենտրոնի ղեկավարությունը այստեղ բուժում ստանալու հատուկ հերթագրման կարգ է մշակել` հաշվի առնելով, որ ցանկացողները կարող են շատ լինել: Կենտրոնը ապահովելու է ոչ միայն այստեղ բուժում ստացողների առողջապահական խնդիրների լուծումը, այլև կրթական, սոցիալական, մշակութային ուղղվածության նախաձեռնություններ է կյանքի կոչելու:
Նորաբաց կենտրոնի տարածքում առաջիկայում գործելու է նաև բացօթյա սրճարան, որտեղ իրենց հանգիստը կարող են անցկացնել վերականգնողական բուժում ստացող տղաները: