Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ համագումարի մասնակիցներն այցելեցին Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ

Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ համագումարի մասնակիցներն այցելեցին Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտն այսօր աշխարհի տարբեր անկյուններից իր հարկի տակ էր համախմբել առաջատար վիրաբույժների:

Մասնագետները ժամանել են Երևան Վիրաբուժության եվրոպական միության (ESS, www.essurg.org) 22-րդ տարեկան համագումարին մասնակցելու նպատակով, որն ընդգրկում է նաև Վիրաբույժների հայկական ասոցիացիայի (AAS, www.AAS.am) 4-րդ հնգամյա կոնգրեսը և Ռեզիդենտների և երիտասարդ գիտնականների եվրոպական 3-րդ համաժողովը:

Ինստիտուտում կազմակերպված փոքրիկ միջոցառմամբ ԵՊԲՀ ղեկավարությունը, բուժանձնակազմը, ապագա բժիշկները և արտերկրից ժամանած հյուրերը նշեցին հայ խորհրդային սրտաբան-վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Ալեքսանդր Միքայելյանի ծննդյան 90-ամյա հոբելյանը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով Հայաստան ժամանած օտարերկրացի մասնագետներին՝ նշեց, որ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ նրանց այցը պատահական չէ, քանի որ այն համալսարանական հիմնական, ամենամեծ բազաներից  է: Ռեկտորի խոսքով՝ այս միջոցառմամբ ազդարարվում է գիտական, ուսումնական, կլինիկական խոշոր միջոցառումների մեկնարկը, որը նախատեսված է անցկացնել ինստիտուտում:

Արմեն Մուրադյանը կարևորեց նաև այն հանգամանքը, որ Վիրաբուժության Եվրոպական միության 22-րդ տարեկան համագումարի կազմակերպման աշխատանքներում ներգրաված են համալասարանական մասնագետները՝ հայ վիրաբուժության նահապետ, անվանի բժիշկ Հովհաննես Սարուխանյանի հովանավորությամբ:

«Այս միջոցառումը եվրոպական բժշկական աշխարհի հետ հաղորդակցվելու ձևավորված բարի ավանդույթ է»,- շեշտեց բուհի ղեկավարը՝ ընդգծելով, որ համագումարի շրջանակում Ալեքսանդր Միքայելյանի ծննդյան 90-ամյա հոբելյանը նշելը պատահական չէ, քանի որ հենց նրա կատարած աշխատանքի շնորհիվ Հայաստանը տասնամյակներ առաջ այսպիսի բժշկական դարբնոց է ձեռք բերել:

Ռեկտորը կարևորեց նաև այն հանգամանքը, որ դահլիճում ներկա են ապագա բժիշկներ, կլինիկական օրդինատորներ, ովքեր պետք է առանձնահատուկ կարևորեն ավագ գործընկերների, մեծանուն բժիշկների թողած հսկայական ժառանգությունը:

ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Վիրաբույժների հայկական ասոցիացիայի» փոխնախագահ Սուրեն Ստեփանյանը, ով նախորդ տարվա հոկտեմբերին ընտրվել էր Վիրաբուժության եվրոպական միության (ESS – European Society of Surgery) նախագահ ևս անդրադարձավ Ալեքսանդր Միքայելյանի և նրա հիմնադրած ինստիտուտի պատմությանն ու գործունեությանը:

Սուրեն Ստեփանյանի գնահատմամբ՝  լեգենդար բժիշկն ու իր ղեկավարած թիմը մեծ ներդրում ունեն Հայաստանի առողջապահական համակարգի զարգացման գործում:

Այսօր ինստիտուտը կանգնած է բարեփոխումների ճանապարհին, որոնք վերաբերում են ինչպես վիրաբուժական, այնպես էլ թերապևտիկ ուղղություններին:

Անդրադառնալով Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ համագումարին՝ ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչն ասաց, որ միջոցառումն առաջին հերթին համագործակցության նոր հնարավորություններ կընձեռի, կնպաստի փորձի փոխանակմանը:

Ելույթներ ունեցան և  Ալեքսանդր Միքայելյանի կենսագրության հիշարժան  մանրամասները ներկայացրին նրա հետ երկար տարիներ աշխատած  գործընկերները, փոխանցվեց նաև նրա կնոջ՝ Լյուդմիլա  Շերդուկալովա-Միքայելյանի ողջույնի ուղերձը:

Միջոցառման ավարտին մասնակիցները ծաղիկներ խոնարեցին մեծանուն բժշկի հուշարձանին: Այս միջոցառումը հարգանքի տուրք  էր Ալեքսանդր Միքայելյանի  հիշատակին և վկայում էր այն մասին, որ սերունդները չեն մոռացել նրա՝  հայ բժշկագիտության զարգացման գործում ներդրած բազմամյա և հարուստ ավանդը: