Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Յուրահատուկ ցուցահանդես «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում

Յուրահատուկ ցուցահանդես «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում

Այսօր ԵՊԲՀ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հերթական անգամ ուրախ տրամադրություն էր թևածում: Բժշկական համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպվել էր երեխաների ձեռքի աշխատանքների, մասնավորապես նկարների յուրահատուկ ցուցահանդես: Իսկ նկարները յուրահատուկ են, քանի որ նկարել են համալսարանական հիվանդանոցի տարբեր բաժանմունքներում բուժում ստացող երեխաները, ովքեր բժիշկների և ծնողների աջակցությամբ պայքարում են իրենց առողջության համար:

Ցուցահանդեսին ներկա էր նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, բուժաշխատողներ, պարզապես ցուցահանդեսով հետաքրքրված մարդիկ: Աննա Հակոբյանը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ ծանոթացավ ցուցահանդեսում ներկայացված բոլոր աշխատանքներին, անմիջական մթնոլորտում զրուցեց բուժում ստացող փոքրիկների հետ:

Ցուցահանդեսից  ավարտից հետո հիվանդանոցի դահլիճում տեղի ունեցավ «Ունեմ դիաբետ՝ չունեմ խնդիր» խորագրով միջոցառում ՝ նվիրված շաքարային դիաբետի համաշխարհային օրվան՝ նոյեմբերի 14-ին: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը միջոցառման սկզբում կիսվեց իր մտահոգություններով ՝ նշելով, որ սթրեսային իրավիճակները, ցավոք, շատ անգամ դառնում են մեր երեխաների հիվանդությունների զարգացման պատճառ:

«Խոսքս ուղղելով մեր ծնողներին, խնդրում եմ հնարավորինս զերծ պահեն երեխաներին սթրեսային իրավիճակներից: Չկա հիվանդ և առողջ երեխա, բոլորը պետք է լինեն լիարժեք և երջանիկ»,- ընդգծեց ռեկտորը: Արմեն Մուրադյանը երեխաներին մաղթեց ամենայն լավն ու բարին՝ ցանկանալով, որ նման հիվանդությունների հետ կապված երբևիցե մտահոգություն չունենան:

 «Սիրելի՛ երեխաներ, գունազարդ լինի ձեր ապագան այնպես, ինչպես դուք պատկերում եք ձեր նկարներում, բացառիկ ազնիվ մոտեցումներում և հեռանկնարներում, մենք ամուր կանգնած ենք ձեր կողքին»,- հավելեց բուհի ղեկավարը:

Աննա Հակոբյանն էլ իր հերթին նշեց, որ երեխաները պետք է միշտ ուշադրության կենտրոնում լինեն և ունենան նաև զվարճանքներ:

 «Մենք պարտավոր ենք նրանց համար ամեն ինչ անել»,- շեշտեց նա: Հիվանդանոցային համալիրի Էնդոկրինոլոգիական կլինիկայի ղեկավար Ելենա Աղաջանովան ներկայացրեց հիվանդության պատմության մասին մի շարք տվյալներ՝ նշելով, որ աշխարհում յուրաքանչյուր տարի մոտ 86 հազար դեպք է գրանցվում:

 «Դիաբետը վերահսկել հնարավոր է, այն չպետք է խանգարի երեխային ապրել լիարժեք կյանքով: Բժիշկը միայն 5 տոկոսի բուժման հաջողության համար է պատասխանատու, մնացածը 95 տոկոսը ծնողի, պատցիենտի աշխատանքն է» ,-նշեց պրոֆեսորը:

Միջոցառման վերջում բուժում ստացող երեխաները ներկաների համար երգի, պարի անակնկալ համարներ էին պատրաստել: