Խորը ցավով տեղեկացանք, անվանի բժիշկ-գիտնական, ուսուցիչ, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի մահվան մասին։
85-ամյա պրոֆեսորը կյանքի 64 տարին նվիրել էր մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին:
Նա ԵՊԲՀ 1960 թվականի շրջանավարտ է։ ՀՀ ԱՆ Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը ղեկավարել է 2002-2014 թվականը, միաժամանակ եղել կենտրոնի ընդհանուր ուռուցքաբանության բաժանմունքի վարիչը:
Երկար տարիներ հմուտ մասնագետը եղել է ՀՀ ԱՆ գլխավոր ուռուցքաբանը: Ղեկավարել է գիտական աշխատանքներ, միաժամանակ կատարել հազարավոր վիրահատություններ:
Բժշկագիտության նահապետը ԳԱԱ թղթակից անդամ է, բժշկագիտության նվիրյալ, ով մեր երկրում ուռուցքաբանության ոլորտի զարգացման գործում անուրանալի ավանդ ուներ։
Բուհի պրոֆեսորադասախոսական կազմի, շրջանավարտների, բոլորիս անունից ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին։
Բժշկապետի վերջին հարցազրույցը` ԵՊԲՀ լրատվական ծառայությանը 2024 թվականի մայիսին: