Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

La Revue du Praticien պարբերականի հայերեն հրատարակության հերթական համարը բժիշկների և ուսանողների տրամադրության տակ է

La Revue du Praticien  պարբերականի հայերեն հրատարակության հերթական  համարը  բժիշկների և ուսանողների  տրամադրության տակ է

Հարգելի՛ բժիշկներ և ուսանողներֆրանսիական La Revue du Praticien  պարբերականի հայերեն հրատարակության հերթական  համարն արդեն ձեր տրամադրության տակ է։

Կենտրոնական թեման, որին նվիրված է մի ամբողջ հոդվածաշար, կրծքի և վաղ տարիքի երեխաների սնուցումն է. խնդիր, որը բոլոր ժամանակներում արդիական է թե՛ ծնողների, թե՛ բուժոլորտի մասնագետների համար։ 

Հայտնի է, որ երեխայի կյանքի առաջին 1000 օրերը որոշիչ են նրա ապագա առողջության համար, և սնուցումը հիմնաքարային գործոններից է։ Պատահական չէ, որ  ծնողների՝ բժիշկներին ուղղած հարցերը հաճախ վերաբերում են սնուցմանը՝ ինչպե՞ս ընտրել երեխայի կաթը, երբ կրծքով կերակրելն անհնար է,  ե՞րբ և ինչպե՞ս ներմուծել հավելյալ սնունդ, ի՞նչ դեր հատկացնել կովի կաթին… Բացի դրանից՝ սերնդափոխությունն իր հետ բերում է նոր իրողություններ, սննդի և շրջակա միջավայրի նկատմամբ նոր աշխարհայացք (օրինակ` վեգանությունը), որը որդեգրած որոշ ծնողներ կարող են սահմանափակող սննդակարգեր կիրառել երեխայի կյանքի առաջին իսկ օրերից։ Ո՞րն է այդ սննդակարգերի իրական վտանգը, ինչպե՞ս երկխոսել այդ ընտանիքների հետ՝ ի շահ երեխայի, միաժամանակ՝ առանց հարցականի տակ դնելու նրանց ընտրության էթիկական հենքը։ Այս և երեխայի սնուցմանն առնչվող բազում այլ հարցերի պատասխանները կգտնեք՝ կարդալով համարի թեմատիկ հոդվածաշարը։ 

Սննդամթերքի ընտրության դժվարությունները չեն վերանում մանկության փուլի ավարտից հետո։ Գերվերամշակված սննդանյութերն ամենուր են և գրեթե անխուսափելի։ Առողջության վրա դրանց թողած ազդեցության վերաբերյալ տվյալները շարունակ համալրվում են։ Պարբերականի Գիտելիքի շտեմարան բաժնի հոդվածներից մեկն ամփոփում է ցայսօր հայտնի փաստերը։  

Մերօրյա համավարակը, ի թիվս այլնի, վեր հանեց նաև բժշկություն-հասարակություն փոխհարաբերությունների հարցը. ինչպիսի՞ն կլինի  բժշկությունը Քովիդ-19-ի ճգնաժամից հետո։ Ընթերցեք անցյալի լույսի ներքո  ներկան վերլուծող և ապագայում (հուսանք՝ մոտ ապագայում) ճգնաժամը հաղթահարելու ուղիներ ուրվագծող  ֆրանս-կանադական համատեղ հոդվածը։  

Համարում կգտնեք նաև բժշկության այլ բնագավառների առնչվող  հոդվածներ` մեծահասակների շաքարային դիաբետի վերաբերյալ համապարփակ հոդված, կրկնվող տենդեր, կլինիկական դեպքեր և այլն։ 

La Revue du Praticien-ի հայերեն հրատարակության գլխավոր խմբագիր Վահե Մուղնեցյանը բոլորին մաղթելով հաճելի ընթերցում՝ տեղեկացնում է, որ պարբերականի հաջորդ համարը կհրատարակվի մարտին։ 

Կից` պարբերականի հերթական  համարը։