ԵՊԲՀ կրթության պատասխանատուներն այսօր բժշկական բուհում աշխատանքային քննարկում ունեցան Ռիգայի Ստրադիչի կլինիկական համալսարանի Գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, անոթային վիրաբույժ, պրոֆեսոր Դայնիս Կրիվինչի և Կրթության բաժնի վարիչ Իլզե Աբոլինայի հետ:
Համագործակցության նպատակով բժշկական բուհ այցելած լատվիացի գործընկերները ներկայացրեցին իրենց երկրում բժշկական կրթության և հատկապես հետբուհական բժշկական կրթության մոդելները, քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարներին առնչվող հարցեր:
Կարևորելով ռեզիդենտների և ապագա բժիշկների վերապատրաստման հարցերը՝ Ռիգայի Ստրադիչի կլինիկական համալսարանի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, անոթային վիրաբույժ, պրոֆեսոր Դայնիս Կրիվինչը հայտնեց, որ նախատեսում են դիմել դրամաշնորհային ծրագրի և ԵՊԲՀ-ի հետ իրականացնել փոխանակման ծրագրեր:
Գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանը լատվիացի գործընկերներին ներկայացրեց այն բոլոր ոլորտները, հաջողված նախագծերը, որտեղ հանդես է գալիս ԵՊԲՀ-ն, ինչպես նաև բուհի «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնը:
Նա ավելացրեց, որ բուհն ունի երեք համալսարանական հիվանդանոց և 31 կլինիկական բազա հանրապետության տարբեր բժշկական հաստատություններում:
Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ղեկավար Սաթենիկ Բաղդասարյանը ծանոթացրեց կլինիկական օրդինատուրայի կառուցվածքին, անդրադարձավ ուսուցմանը՝ շեշտելով, որ ներկայումս 80 մասնագիտությամբ համալսարանում կրթություն է ստանում 1600 ռեզիդենտ:
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի գործադիր տնօրեն Էդուրադ Բարսեղյանն ասաց, որ մասնագիտական կրթության ծրագիրը կատարելուց ու ավարտական ատեստավորման քննությունը հաջողությամբ հանձնելուց հետո, կլինիկական օրդինատորները ստանում են համապատասխան դիպլոմ, և միայն դրանից հետո նրանց թույլ է տրվում իրականացնել ինքնուրույն մասնագիտական գործունեություն:
Ռիգայի Ստրադիչի կլինիկական համալսարանի Գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, անոթային վիրաբույժ, պրոֆեսոր Դայնիս Կրիվինչը պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանի ուղեկցությամբ այցելեց ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ուղեղի հիմնարար հետազոտությունների կենտրոն, ծանոթացավ կառույցի գործունեությանը:
Լատվիայից ժամանած պատվիրակության ներկայացուցիչները, որոնք տարբեր ուղղություններով համագործակցության համար հանդիպումներ են ունեցել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ինչպես նաև Առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ, նշել են, որ Ռիգայի Ստրադիչի համալսարանական հիվանդանոցի Գիտահետազոտական ինստիտուտի փորձագետները հաջողությամբ աջակցության ծրագրեր են իրականացրել Վրաստանում, Մոլդովայում և Ուզբեկստանում և շահագրգռված են ներկայացնել իրենց փորձն ու քննարկել բժշկական համալսարանի հետ հնարավոր համագործակցության հեռանկարները: