Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Լևոն Հովհաննիսյանի անվան» կրթաթոշակառուն վստահ է՝ մասնագիտության հանդեպ սերն ու պատասխանատվությունը կօգնեն հաղթահարել ցանկացած խոչընդոտ

«Լևոն Հովհաննիսյանի անվան» կրթաթոշակառուն վստահ է՝ մասնագիտության հանդեպ սերն ու պատասխանատվությունը կօգնեն հաղթահարել ցանկացած խոչընդոտ

Սովորել բարձր առաջադիմությամբ, լինել կարգապահ, պարտաճանաչ և օրինակելի: Պահանջներ, որոնք ուսանողին տանում են դեպի նպատակ՝ ընտրած մասնագիտության մեջ հմտանալու և ապագայում հաջողությունների հասնելու համար:

Բժշկական բուհի անվանական կրթաթոշակի հավակնորդ լինելը գնահատական է, որն ապագա բժիշկը ստանում է ուսումնառության ընթացքում բացարձակ գերազանց առաջադիմության, տպագրված գիտական աշխատանքների, օտար լեզվի իմացության, առարկայական հանրապետական, ﬕջազգային մրցույթների, օլիմպիադաների, ուսանողական գիտական նստաշրջանների, ֆակուլտետների, համալսարանի ուսանողական, հասարակական աշխատանքներին մասնակցության համար:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրսի ուսանող, 2024-2025 ուսումնական տարում «Լևոն Հովհաննիսյանի անվան» կրթաթոշակառու Մոնիկա Ավալյանը բժշկի մասնագիտությունն  ընտրել է հետաքրքրությունից մղված։

«Դեռ դպրոցական տարիքից ինձ համար հետաքրքիր է եղել մարդու օրգանիզմի կառուցվածքը, թե ինչպես են աշխատում տարբեր օրգան համակարգերը, ինչպես են առաջանում հիվանդությունները»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ընտրության վրա ազդել է նաև այն, որ ի տարբերություն շատ այլ մասնագիտությունների, բժշկությունն անհնար է յուրացնել միայն ինքնակրթվելով՝ ակադեմիական կրթությունն անհրաժեշտություն է։

Ապագա բժիշկը մասնագիտությունն ընտրելիս չէր պատկերացնում, թե որքան հագեցած և բովանդակալից ուսումնառության տարիներ են իրեն սպասվում։ «Բժշկական համլսարանում սովորելը հեշտ չէ, բայց երբ հաստատակամ ես լավ բժիշկ դառնալու նպատակիդ հասնելու հարցում, հաճույքով ես անցնում այդ խրթին ճանապարհը»,-շեշտեց անվանական կրթաթոշակառուն, որի խոսքով՝ ավագ գործընկերների ձեռքբերումները տեսնելը, նրանց կատարած աշխատանքով ոգևորվելը, գիտակցելը, որ մի օր լինելու է նրանց փոխարինողը և պարտավոր է նրանց արժանի հետնորդը լինել դարձել են հաջողության հասնելու շարժիչ ուժը։

«Անընդհատ կարդալ, չբավարարվել ունեցած գիտելիքով, հնարավորինս համալրել տեսական գիտելիքները գործնականով, սա է մնայուն գիտելիք ստանալու հիմնական գրավականը։ Եվ իհարկե ավելի բարդ կլիներ այդ ամենին հասնել, եթե չլիներ պրոֆեսորադասախոսական կազմի աջակցությունը, որը ջանք ու եռանդ չի խնայում բժիշկների նոր սերունդ կրթելու համար»,-ընդգծում է ապագա բժիշկը:

Անվանական կրթաթոշակ ստանալը որքան պատվաբեր է, նույնքան էլ մեծ պատասխանատվություն է սովորողի համար, քանի որ պարտավորվում է լավագույնս ներկայացնել հարազատ բուհը. «Միևնույն ժամանակ այն մեծ մոտիվացիա է ձգտել ավելիին, չդադարել աշխատել, շարունակել ինքնակատարելագործվել»:

Մոնիկա Ավալյանը մասնագիտացման ընտրության հարցում դեռ չի կողմնորոշվել, քանի որ բժշկության բոլոր ճյուղերը հետաքրքիր են խորը ուսումնասիրման համար։

«Կան մի շարք ուղղություններ, որոնք առավել հոգեհարազատ են, բայց վերջնական որոշումը կկայացնեմ բոլոր ցիկլներն ավարտելուց և նախընտրած բոլոր մասնագիտություններն ուսումնասիրելուց հետո»,-նշեց նա։

Անվանական կրթաթոշակառուի համար մասնագիտական կայացման ճանապարհը լի է դժվարություններով, բայց վստահ է, որ մասնագիտության հանդեպ սերն ու պատասխանատվության գիտակցումը կօգնեն հաղթահարել ցանկացած խոչընդոտ։

Նրա կարծիքով՝ բժշկի մասնագիտությունն ընտրած մարդիկ պետք է ունենան բարձր պատրաստվածություն, պատրաստակամություն, անդադար սովորելու, ինքնակրթվելու ձգտում, նվիրվածություն աշխատանքին, պարտաճանաչություն, համբերատարություն։

«Լևոն Հովհաննիսյանի անվան» կրթաթոշակառուն համոզված է՝ առողջապահական համակարգի բարեփոխումներն առաջնահերթ պետք է ուղղված լինեն հանրության իրազեկվածության բարձրացմանն ու հիվանդությունների վաղ ախտորոշմանը։ Միայն վաղ ախտորոշման պարագայում կկարողանանք հասնել արդյունավետ բուժման և ծանր բարդությունների կանխարգելման։