Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Լևոն Նազարյանի այցը համալսարանական հիվանդանոցներ

Լևոն Նազարյանի այցը համալսարանական հիվանդանոցներ

Բժշկական բուhի հյուրերը` Նազարյան ընտանիքը` ի դեմս արդեն ԵՊԲՀ պատվավոր պրոֆեսոր, ամերիկահայ բժիշկ-ճառագայթաբան, գործարար-բարերար Լևոն Նազարյանի այցելեցին համալսարանական հիվանդանոցներ:

Այցը մեկնարկեց վաղ առավոտից` «Հերացի» համալսարանական հիվանդանոցից` Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի, գլխավոր բժիշկ Արեն Բաբլումյանի, Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության և ներքին հիվանդությունների կլինիկայի ղեկավար Համայակ Սիսակյանի ուղեկցությամբ:

Գաղտնիք չէ, որ Նազարյանների ընտանիքի հետ բացառիկ համագործակցության արդյունքում 2000 թվականին բժշկական բուհում ստեղծվեց Ուլտրաձայնային ուսումնական կենտրոնը, իսկ 2010 թվականին «Հերացի» հիվանդանոցում հիմնվեց ժամանակակից համակարգչային տոմոգրաֆիայի և մագնիսական ռեզոնանսային հետազոտության սարքերով համալրված Ռադիոլոգիայի կենտրոնը։

Այս կենտրոնների ստեղծման ու հետագա զարգացման գործում ֆինանսապես և մասնագիտորեն մեծ ներդրում են ունեցել ամերիկահայ գործարար-բարերար Նազար Նազարյանը և նրա որդին՝ ԱՄՆ-ում անվանի ռադիոլոգ Լևոն Նազարյանը։

Ռադիոլոգիայի կենտրոնը կրում է Լևոն և Կլաուդիա Նազարյանների անունը։ Նրանց նվիրատվության շնորհիվ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի ռադիոլոգիայի կենտրոնը հագեցել է գերժամանակակից սարքավորումներով և կոչվել «ՀԲԸՄ-ԵՊԲՀ Լևոն և Կլաուդիա Նազարյան ռադիոլոգիայի կենտրոն» անունով:

Պատահական չէ, որ այստեղ այցի առանցքում հենց Ռադիոլոգիական կենտրոնի`  մասնավորապես համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիաների ծառայությունների գործունեությունն էր:

Ըստ ոլորտների` համակարգչային շերտագրման բժիշկ Աննա Ֆրանգուլյանից և միջուկամագնիսառեզոնանսային հետազոտության բժիշկ Մարինա Ալոյանից Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչության անդամ, Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր և Ռադիոլոգիայի բաժանմունքի վարիչ Լևոն Նազարյանը հետաքրքրվեց ախտորոշման մեթոդներով, պացիենտների տարիքային խմբով, քանակով, իրականացվող կրթական ծրագրերով:

Համալսարանական մասնագետների կողմից քննարկվեց ինտերվենցիոն ռադիոլոգիայի զարգացման հնարավորությունը, որը համեմատաբար նոր զարգացող ուղղություն է մեր երկրում:

Ամերիկահայ պրոֆեսորի հետ անդրադարձ կատարվեց նաև հազվադեպ հանդիպող, ուշագրավ բժշկական դեպքերի:

Կատետերիզացիոն լաբորատորիայում, անհետաձգելի բուժօգնության, այլ բաժանմունքներում ևս այցն ինտերակտիվ էր` հիվանդանոցի բուժօգնության որակի բարելավմանն ուղղված ընթացիկ և ապագա ծրագրերի մասին ինֆորմացիայով լեցուն:

Նշենք, որ ԵՊԲՀ-ն երկարամյա համագործակցության պատմություն ուներ ԱՄՆ Ֆիլադելֆիայի Թոմաս Ջեֆերսոնի գիտահետազոտական և կրթական ինստիտուտի հետ, որտեղ սովորել և հետագայում երկար տարիներ աշխատել է Լևոն Նազարյանը:

Նա պատրաստակամություն հայտնեց հնարավորության դեպքում գործակցությունը շարունակել Փենսիլվանիայի համալսարանի հետ:

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում ևս այցը հագեցած էր: Գլխավոր բժիշկ Հռիփսիմե Ապրեսյանի, բուժանձնակազմի  ներկայացմամբ`  անվանի հյուրը ծանոթացավ  մանկական բազմապրոֆիլ բուժհաստատության  աշխատանքին, երեխաների առողջության պահպանմանն ուղղված կլինիկական և կրթական ծրագրերին, այցելեց բաժանմունքներ: