Լեյշմանիոզ․ համաճարակաբանական իրավիճակը, ռիսկերը և կանխարգելումը

Լեյշմանիոզ․ համաճարակաբանական իրավիճակը, ռիսկերը և կանխարգելումը

Շարունակելով փոխանցողներով պայմանավորված վարակների իրազեկման շարքը` անդրադառնում ենք լեյշմանիոզին:

Համաճարակաբանական և կլինիկական առանձնահատկությունները

Լեյշմանիոզը հարուցվում է լեյշմանիա ցեղի ավելի քան 20 տեսակի նախակենդանիներով: Այն պատկանում է մոռացված արևադարձային վարակիչ հիվանդությունների շարքին, սակայն վերջին ժամանակահատվածում  ակտիվացում է նկատվում: Լեյշմանիա մակաբույծները փոխանցվում են մլակների խայթոցի միջոցով: Հայտնի են մլակների ավելի քան 90 տեսակ, որոնք փոխանցում են լեյշմանիոզ: Վարակի աղբյուր են կենդանիների շուրջ 70 տեսակ, մարդիկ նույնպես կարող են լինել լեյշմանիոզի  աղբյուր: Հիվանդությունը հանդիպում է 3 հիմնական ձևերով` ընդերային, մաշկային և մաշկալորձաթաղանթային:

Ընդերային լեյշմանիոզը հայտնի է որպես Կալա-Ազար հիվանդություն, որը չբուժվելու դեպքում ավելի քան 95% դեպքերում մահացու է: Այն բնութագրվում է ջերմության անկանոն նոպաներով, քաշի կորստով, փայծաղի և լյարդի մեծացմամբ և սակավարյունությամբ: Դեպքերի մեծ մասը հանդիպում է Բրազիլիայում, Արևելյան Աֆրիկայում և Հնդկաստանում: Գնահատվել է, որ աշխարհում տարեկան արձանագրվում են ընդերային լեյշմանիոզի 50000-ից 90000 նոր դեպքեր: Ընդերային լեյշմանիոզը կարող է հանգեցնել նաև բռնկումների:

Մաշկային լեյշմանիոզը ամենատարածված ձևն է, որը դրսևորվում է մաշկի ախտահարումով և խոցերի առաջացմամբ` հանգեցնելով սպիների, լուրջ հաշմանդամության կամ խարանի: Աշխարհում տարեկան արձանագրվում են 600000-ից 1 միլիոն նոր դեպքեր, որոնց 95%-ը` Ամերիկայում, Միջերկրածովյան ավազանում, Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում:

Մաշկալորձաթաղանթային լեյշմանիոզը հանգեցնում է քթի, բերանի և կոկորդի լորձաթաղանթների մասնակի կամ ամբողջական վնասմանը: Դեպքերի ավելի քան 90%-ը հանդիպում է Բոլիվիայում, Բրազիլիայում, Եթովպիայում և Պերուում:

Եվրոպական տարածաշրջանում մաշկային և ընդերային լեյշմանիոզը էնդեմիկ հիվանդություն է։ Բերովի դեպքերը տարածվում են հիմնականում Աֆրիկայից և Ամերիկայից:

Նշենք, որ մարդկանց ընկալունակությունը վարակի նկատմամբ բարձր է բոլոր տարիքային խմբերում, բայց առավել խոցելի են երեխաները: Հատկանշական է, որ հիվանդությունն առավել հաճախ՝ 80% դեպքերում անանխտանիշ է, հարուցիչը կարող է տասնյակ տարիներ մնալ մարդու օրգանիզմում, իմունիտետի ընկճման դեպքում այն ակտիվանում է և դրսևորվում ախտանշաններով:

Հայաստանում համաճարակային իրավիճակը

Հայաստանում տարածված է լեյշմանիոզը փոխանցող մլակների 12 տեսակ: Նախկինում Հայաստանում արձանագրվել են լեյշմանիոզի ինչպես ընդերային, այնպես էլ մաշկային ձևերը: Ներկայումս հանրապետությունում արձանագրվում են միայն ընդերային լեյշմանիոզի դեպքեր՝ հիմնականում Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի, Արարատի մարզերում և Երևանում: Պաշտոնական տվյալների համաձայն, Հայաստանում վերջին 5 տարիենրի ընթացքում (2021-2025թթ.) արձանագրվել է լեյշմանիոզի 97 դեպք, որոնց գերակշռող մասը եղել է 74% (72 դեպք) մինչև 8 տարեկանների, իսկ 51%-ը` (49 դեպք) հանդիպել է քաղաքաբնակների շրջանում:

Լեյշմանիոզի տարածման ռիսկի գործոնները

  • Սոցիալ-տնտեսական պայմաններ. Անբավարար սոցիալ-տնտեսական, կենցաղային և սանիտարահիգիենիկ պայմանները մեծացնում են լեյշմանիոզով վարակվելու ռիսկը: Մլակները հիմնականում ձվադրում են օրգանական նյութերով հարուստ վայրերում (աղբարկղեր, աղբախցիկներ, աղբակույտեր), այդ իսկ պատճառով աղբի կուտակումները, աղբի հեռացման համակարգի կամ կոյուղացման համակարգերի բացակայությունը ստեղծում են նպաստավոր պայմաններ մլակների բազմացման և տարածման համար: Մարդկանց ապրելակերպը, դրսում գիշերելը նույպես մեծացնում է վարակման ռիսկը, բացի այդ մլակներին գրավում են մարդաշատ վայրերը, քանի որ այնտեղ ավելի հեշտ է խայթել մարդկանց և սնվել արյունով։
  • Թերսնուցում. սպիտակուցային-էներգետիկ բաղադրիչներով, երկաթով, վիտամին A-ով և ցինկով անբավարար սնունդը մեծացնում է կլինիկորեն արտահայտված հիվանդության զարգացման ռիսկը:
  • Բնակչության ակտիվ տեղաշարժեր. լեյշմանիոզի համաճարակները հաճախ զարգանում են թույլ իմունիտետով անձանց փոխանցման մեծ ռիսկեր ունեցող տարածքներ տեղափոխվելիս:
  • Շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխություններ. քաղաքաշինությունը,  անտառահատումները կամ անտառային տարածքներ մարդու ներխուժումը, կլիմայի տաքացումը ազդում են փոխանցողների պոպուլյացիայի քանակի և աշխարհագրական բաշխման վրա: Երաշտը, սովը և ջրհեղեղները հանգեցնում են նաև մարդկանց միգրացիայի այն վայրերում, որտեղ հիվանդության տարածվածությունը բարձր է:

Ախտորոշում և բուժում

Լեյշմանիոզի ախտորոշումը կատարվում է մակաբուծաբանական կամ շճաբանական հետազոտության մեթոդներով:

Բուժումը պայմանավորված է մի քանի գործոններով` հիվանդության տեսակ, ուղեկցող պաթոլոգիաներ, մակաբույծի տեսակ և աշխարհագրական վայր: Վաղ ախտորոշման և համապատասխան բուժման դեպքում հիվանդության ելքը բարվոք է, սակայն, հաշվի առնելով, որ լեյշմանիոզի ախտանշանները յուրահատուկ չեն, երեխաների մոտ անկանոն ջերմության դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

Լեյշմանիոզի կանխարգելումը և հսկողությունը

Լեյշմանիոզի կանխարգելումն ու հսկողությունը ներառում է բազամկողմանի ուղղություններ.

  • Համաճարակաբանական դիտարկում

Հիվանդության արդյունավետ դիտարկումը կարևոր է համաճարակների և մահացության բարձր մակարդակ ունեցող իրավիճակների ժամանակ օպերատիվ մոնիտորինգի և արձագանքման համար: Վաղ հայտնաբերումը, ախտորոշումը և արդյունավետ բուժումը  նվազեցնում է հիվանդության տարածվածությունը և կանխում հաշմանդամության ու մահվան դեպքերը:

  • Կենդանիների հսկողություն

Վարակի աղբյուր հանդիսացող կենդանիների հսկողությունը բարդ գործընթաց

է, որը պետք է հարմարեցվի տեղական իրավիճակին: Ընտանի շների մոտ լեյշմանիոզի ախտանշաններ (մազաթափություն, դեմքի վրա վերքեր, քթային արյունահոսություն) հայտնաբերելու դեպքում դիմել անասնաբույժի օգնությանը՝  հետազոտություններ իրականացնելու նպատակով:

  • Փոխանցողի հսկողություն

Մլակների քանակը կրճատելով` նվազեցվում կամ ընդհատվում է հիվանդության փոխանցումը: Այս միջոցառումները ներառում են միջատասպան միջոցներով ցողում, ցանցերի օգտագործում,  անհատական պաշտպանիչ միջոցների կիրառում` մլակների խայթոցից պաշտպանվելու համար:

  • Սոցիալ-տնտեսական պայմանների բարելավում

Աղբահանության աշխատանքների բարելավում, բակերի, բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգում, դրանցում օրգանական աղբի մաքրման աշխատանքներ: Անհրաժեշտ է պարբերաբար և ժամանակին հեռացնել կենցաղային թափոնները՝ կանխելով աղբակույտերի առաջացումը: