Թվային առողջապահության զարգացումը նոր հնարավորությունների հետ մեկտեղ առաջ է բերում նաև բժշկական գաղտնիքի, անձնական տվյալների պաշտպանության և պացիենտների իրավունքների ապահովման կարևոր հարցեր։
Այս և ոլորտի մի շարք այլ արդիական թեմաների շուրջ զրուցել ենք ԵՊԲՀ առողջապահական իրավունքի խմբի դասախոս, Իրավաբանական բաժնի ավագ մասնագետ Ռուզաննա Մովսիսյանի հետ։
–Դուք վերջերս իրականացրել եք ծավալուն ուսումնասիրություն՝ նվիրված թվային դարաշրջանում բժշկական գաղտնիքի պաշտպանությանը և դրա իրավական ու էթիկական մարտահրավերներին Հայաստանում: Ինչո՞ւ որոշեցիք զբաղվել հենց այս թեմայով, ի՞նչն է այսօր Ձեզ՝ որպես մասնագետի, ամենից շատ անհանգստացնում մեր առողջապահական համակարգում:
-Թվային առողջապահությունը ժամանակակից բժշկագիտության մեծագույն ձեռքբերումներից է, և ինձ ոգևորում է այդ համակարգի ներուժը՝ բարելավելու պացիենտների բուժման որակը։ Իմ հետազոտության նպատակն է ոչ թե քննադատել, այլ աջակցել այս համակարգին՝ բացահայտելով այն ուղղությունները, որոնցում իրավական և անվտանգ ու ապահով լուծումները կարող են ավելի արդյունավետ դարձնել բժիշկների աշխատանքը։
–Այսօր Հայաստանում գրեթե ողջ առողջապահական համակարգը թվայնացվել է, ներդրվել է ArMed համակարգը: Մեր օրենսդրությունը հասցնո՞ւմ է քայլել այս արագ տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ, թե՞ ունենք իրավական վակուում:
-Մենք գտնվում ենք բնականոն զարգացման փուլում։ Տեխնոլոգիաներն այսօր ավելի արագ են զարգանում, քան իրավական դաշտը, ինչը տիպիկ է թվային փոխակերպման ժամանակաշրջանին։ Այժմ հենց այն պատմական պահն է, երբ մենք կարող ենք կատարելագործել օրենսդրությունը՝ դարձնելով այն ավելի ճկուն և համապատասխան միջազգային առաջավոր փորձին։
–Եթե համեմատենք եվրոպական խիստ չափանիշների (օրինակ՝ GDPR-ի` General Data Protection Regulation՝ տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգ) հետ, ո՞րն է այն ամենասկզբունքային բանը, որն առկա է Եվրոպայում, բայց մենք դեռ չենք կիրառում պացիենտների տվյալները պաշտպանելիս:
-GDPR-ը մեզ համար ծառայում է որպես լավագույն միջազգային ստանդարտ։ Մեր նպատակն է ոչ թե պատճենել և կրկնօրինակել այն, այլ վերցնել լավագույն գործիքները, մասնավորապես՝ «Privacy by Design» մոտեցումը, որը թույլ կտա ավելի ինտեգրված և վստահելի համակարգ կառուցել՝ ի շահ պացիենտի և բժշկի։
-Մեր թվային համակարգը կառուցված է տվյալների կենտրոնացվածության սկզբունքով (ամեն ինչ հավաքվում է մեկ տեղում): Ի՞նչ վտանգ է սա պարունակում շարքային քաղաքացու համար, եթե հանկարծ համակարգը կոտրվի կամ տվյալների արտահոսք լինի:
-Կենտրոնացված մոդելը մեծ հնարավորություններ է տալիս ախտորոշման և համաճարակաբանական վերլուծությունների համար։ Մարտահրավերն այստեղ ոչ թե կառուցվածքն է, այլ անվտանգության շերտերի ավելացումը։ Ժամանակակից թվային գործիքները թույլ են տալիս պաշտպանել կենտրոնացված տվյալները՝ միաժամանակ պահպանելով դրանց հասանելիությունը։
–Բժշկական գաղտնիքի խախտում ասելիս մարդիկ հաճախ պատկերացնում են լրջագույն հակաիրավական քայլեր, բայց իրականում կան նաև «կենցաղային» խախտումներ: Որո՞նք են այսօր հայաստանյան հիվանդանոցներում ամենից հաճախ հանդիպող բացթողումները (օրինակ՝ բաց թողնված էկրաններ, տվյալների քննարկում միջանցքներում և այլն)։
– Բժշկական հաստատություններում աշխատանքային ծանրաբեռնվածությունը մեծ է, և երբեմն որոշակի անվտանգության պահանջներ կարող են անուշադրության մատնվել։ Սա ոչ թե բացթողում է, այլ ավելի շուտ՝ աշխատանքային նոր մշակույթի ձևավորման անհրաժեշտություն։ Մենք պետք է ստեղծենք այնպիսի պայմաններ, որտեղ անվտանգության կանոնների պահպանումը դառնա հեշտ, բնական և ավտոմատ գործընթաց։
-Գաղտնիք չէ, որ շատ բժիշկներ կլինիկական դեպքեր քննարկելիս կամ խորհրդատվության համար պացիենտների տվյալները, ռենտգեն նկարները փոխանցում են մեսենջերով՝ WhatsApp-ով կամ Viber-ով: Սա որքանո՞վ է անվտանգ և արդյո՞ք սա խախտում չէ:
-Բժիշկները ինքնաբերաբար փնտրում են հաղորդակցման արագ եղանակներ՝ պացիենտին գտնելու և օգնելու համար։ Սա ցույց է տալիս բժիշկների նվիրվածությունը իրենց գործին։ Պարզապես անհրաժեշտ է այս հաղորդակցությունը տեղափոխել էլեկտրոնային համակարգերի «անվտանգ գոտի»՝ տրամադրելով մասնագետներին ավելի հարմար գործիքներ։
-Ինչպիսի՞ն է բուժանձնակազմի, հատկապես՝ միջին բուժաշխատողների իրավական գրագիտության մակարդակը: Արդյո՞ք նրանք գիտակցում են, որ տվյալների սխալ մշակումը կարող է հանգեցնել ոչ միայն էթիկական, այլև քրեական պատասխանատվության:
-Մեր բուժաշխատողները բարձրակարգ մասնագետներ են, սակայն իրավական կողմը հաճախ մնում է ստվերում՝ ծանրաբեռնվածության պատճառով։ Ավելի շատ ուշադրություն դարձնելով վերապատրաստումներին՝ մենք նրանց կտանք լրացուցիչ պաշտպանվածություն և վստահություն իրենց աշխատանքում։ Իրավական իրազեկվածությունը անհրաժեշտություն է գործառույթների անվտանգության ապահովագրման գործում։
– Մարդկանց շրջանում հաճախ նկատվում է որոշակի անվստահություն կամ վախ էլեկտրոնային առողջապահական համակարգերի հանդեպ: Ձեր կարծիքով՝ այդ վախը հիմնավորվա՞ծ է:
– Վստահությունը կառուցողական է։ Պացիենտների մոտ եղող հարցադրումները բնական են։ Մեր նպատակն է թափանցիկության միջոցով ցույց տալ, որ թվային համակարգը նախ և առաջ նրանց իրավունքների պաշտպանության համար է։
–Շատ պացիենտներ նույնիսկ չգիտեն, թե ովքեր իրավունք ունեն տեսնել իրենց բժշկական պատմությունը: Իրականում ո՞վ կարող է մուտք գործել մեր անձնական էջ և տեսնել, թե ինչով ենք հիվանդացել:
– Թափանցիկությունը վստահության բանալին է։ Հիանալի կլինի, եթե մենք ունենանք այնպիսի համակարգ, որը պացիենտին հնարավորություն կտա տեսնել՝ ինչպես է բժշկի աջակցությամբ բարելավվում իր բուժման ընթացքը։ Սա ոչ թե վերահսկողություն է, այլ մասնակցային առողջապահություն։
-Ի՞նչ է իրենից ներկայացնում Տվյալների պաշտպանության պատասխանատուի (DPO) ինստիտուտը, որի ներդրման մասին խոսվում է, և ինչպե՞ս այն կարող է օգնել հիվանդանոցներին ու պացիենտներին:
– DPO-ն կլինի ոչ թե ստուգող և վերահսկող, այլ օգնող մարմին։ Նա կաշխատի բժիշկների հետ՝ օգնելով նրանց լուծել բարդ իրավական հարցեր, որպեսզի վերջիններս կենտրոնանան միայն բուժման վրա։ Սա բժշկական հաստատություններում ռազմավարական զարգացման կարևոր օղակ կհանդիսանա։
-Դուք խոսում եք «տարանջատված համաձայնության մոդելի» մասին: Կարո՞ղ է, օրինակ, պացիենտը փակել իր հոգեկան առողջությանը կամ գինեկոլոգիային առնչվող զգայուն տվյալները սովորական թերապևտից կամ այլ բժիշկներից: Ինչպե՞ս դա կիրառել, որ չխանգարի բուժմանը։
-Սա նոր հորիզոն է՝ հարգանք պացիենտի անհատականության նկատմամբ։ Այն հնարավորություն կտա կառուցել բժիշկ-պացիենտ հարաբերություն, որը հիմնված է փոխադարձ վստահության և պայմանավորվածությունների վրա, ինչը միայն կբարձրացնի բուժման արդյունավետությունը։
–Եթե պացիենտը հանկարծ հայտնաբերի, որ որևէ բժիշկ (ով իրեն չի բուժում) առանց թույլտվության դիտել է իր էլեկտրոնային քարտը, ի՞նչ իրավական քայլերի կարող է դիմել նա այսօր Հայաստանում:
– Մեր նպատակը պետք է լինի խնդիրները լուծել ոչ թե դատական ճանապարհով, այլ համակարգային բարելավումների միջոցով։ Գործող մեխանիզմների կատարելագործումը թույլ կտա ցանկացած անհամաձայնություն լուծել արագ, արդյունավետ և մասնագիտական մակարդակով։
– Ո՞րն է այն ամենահրատապ քայլը, որ պետք է արվի պետության կողմից, որպեսզի թվային առողջապահությունը Հայաստանում լինի ոչ միայն արդյունավետ, այլև իրոք անվտանգ:
– Ամենահրատապ քայլը հանրային և մասնագիտական երկխոսության խորացումն է։ Մենք պետք է շարունակենք կառուցողական աշխատանքը՝ պետության, մասնագետների և հասարակության միջև, որպեսզի թվային առողջապահությունը դառնա Հայաստանի Հանրապետության հպարտության աղբյուր՝ իր անվտանգությամբ, պաշտպանությամբ և բարձր որակով։