Հանրային առողջության ֆակուլտետում մագիստրոսական թեզերի պաշտպանություն էր, որի ընթացքում 30 սովորող ներկայացրեց իր աշխատանքը՝ նվիրված հանրային առողջապահության արդի խնդիրներին:
Հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն, հանրային առողջապահության մագիստրոս, բժշկական գիտությունների թեկնածու Ստեփան Աթոյանը կարևորեց նման ծրագրի անցկացումը և որակյալ կադրերի պատրաստումը:
«Տարեց տարի բավականին լավ կադրեր ավարտում են ծրագիրը: Թե՛ թեզերի որակով, թե՛ գիտելիքով, հմտություններով յուրաքանչյուր տարի պրոգրես ենք զգում: Կարևորում եմ այս ծրագիրը, քանի որ նման մասնագետները կարողանում են լրացնել ոլորտում եղած բացերը, և իրենց հմտությունները ներդնել հանրային առողջապահության տարբեր ոլորտների զարգացման մեջ: Ընթացքը բավականին հագեցած էր, ուսանողները ուսումնասիրեցին տարբեր առարկաներ, որոնք մենք տեսնում են վերջնական թեզում, լուրջ հետազոտական աշխատանքներ են իրականացվել, նրանք հետագայում կարող են ունենալ լուրջ պոտենցիալ ավելի խորը հետազոտություններ իրականացնելու»,-նշեց հանձնաժողովի նախագահը:
Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանը փաստեց, որ մագիստրոսական ծրագրերը մշտապես փոփոխվում են և համալրվում:
«Այս մեկ շաբաթվա ընթացքում մագիստրոսները ներկայացրին իրենց մեկ տարվա ընթացքում կատարված հետազոտության արդյունքները: Յուրաքանչյուր տարի նկատում ենք մագիստրոսական թեզերի էլ ավելի լիարժեք, ամբողջական կատարված վերլուծություններ, որոնք նույնիսկ արժանացել են տպագրության: Ունենք հրապարակված հոդվածներ՝ հիմնված մագիստրոսական թեզերի արդյունքերի հիման վրա, որը կատարված աշխատանքների որակի ցուցանիշ է»,-նշեց Հանրային առողջության ֆակուլտետի դեկանը:
Նշենք, որ Հանրային առողջապահության մագիստրոսի (MPH) որակավորմամբ կրթական ծրագրերը երեք ուղղությամբ են իրականացվում՝ առողջապահության կազմակերպում և կառավարում, համաճարակաբանություն, շրջակա միջավայրի հիգիենա: Դասերն անցկացվում են շաբաթական 3 անգամ, տևողությունը՝ 1,5 տարի: