Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Մաշկաբանության ոլորտի առաջատար մասնագետները՝ բժշկական բուհում

Մաշկաբանության ոլորտի առաջատար մասնագետները՝ բժշկական բուհում

Բժշկական համալսարանում անցկացվեց «Երևանյան VII դերմատոսկոպիական ընթերցուﬓեր․ մաշկավեներաբանության սանկտ-պետերբուրգյան դպրոցի օրերը՝ Երևանում» խորագրով մասնագիտական միջոցառումը։

ԵՊԲՀ մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ, ՀԱ Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի նախագահ Խաչիկ Խաչիկյանը ողջունեց ներկաներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։

Նա պարգևատրեց ՌԴ ՆԳՆ թիվ 2 Կենտրոնական պոլիկլինիկայի մաշկավեներաբանական բաժանմունքի վարիչ, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի «Հիմնարար մաշկավեներաբանություն և կոսմետոլոգիա» բաժնի խորհրդատու, Դերմատոսկոպիայի և մաշկի օպտիկական ախտորոշման ռուսական ընկերակցության վարչության անդամ, Հ․Ա․ Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիայի պատվավոր անդամ Միխայիլ Ուստինովին «Մեսրոպ Մաշտոց» արծաթե մեդալով՝ հայ-ռուսական մասնագիտական կապերի զարգացման գործում նշանակալի ներդրման համար։

Զեկույցների մեկնարկը տրվեց Սանկտ Պետերբուրգի պետական ​​մանկական բժշկական համալսարանի մաշկավեներաբանության ամբիոնի պրոֆեսոր Դենիս Զալսավսկու «Գերգունակավորուﬓերի ախտորոշման‚ բուժման և կանխարգելման արվեստը» ելույթով։

Նախքան թեմային անդրադառնալը նա պրոֆեսոր Խաչիկյանին նվիրեց 1832 թվականի ֆրանսերեն բանաստեղծությունների ժողովածու։

Մասնագիտական զեկույցի շրջանակում Դենիս Զալսավսկին կարևորեց ախտորոշման դերը, քանի որ ոչ բոլոր դեպքերում է գերգունակավորումը`  հիպերպիգմենտացիան, պահանջում շտկում։ Ռուս մասնագետը մաշկաբաններին համեմատեց նկարիչների, երաժիշտների և քանդակագործների հետ։ «Մենք պետք է մտածենք ոչ միայն գերգունակավորման, այլև այն մասին, որ բուժում ենք մարդուն, որի մոտ կարող են լինել բազմաթիվ էնդոկրին, աուտոիմուն հիվանդություններ», – նկատեց Դենիս Զալսավսկին՝ թվարկելով հիվանդությունները, որոնց մասին կարող է վկայել գերգունակավորումը:

Մաշկավեներաբան Միխայիլ Ուստինովը ներկայացրեց «Քաղցկեղի տարբեր ձևերի դեպքում ﬔտաստազների դերմատոսկոպիան» զեկույցը` մասնավորապես կենտրոնանալով մաշկի մետաստազների էթիոլոգիական բաշխման, դերմատոսկոպիայի ժամանակ մաշկի մետաստազների գույնի, մաշկի մետաստազների դերմատոսկոպիայի համակարգման և ալգորիթմացման մեթոդիկայի, մաշկի պիգմենտային մետաստազների վրա։ «Մելանոման կարող է մետաստազներ տալ մարդու օրգանիզմի ցանկացած մասում», – հավելեց Միխայիլ Ուստինովը:

Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի մաշկաբանության և կոսմետոլոգիայի ամբիոնի վարիչ Իրինա Սմիրնովայի զեկույցները վերաբերում էին առաջնային սպիական մազաթափությունների կլինիկական-ձևաբանական և դերմատոսկոպիական տարբերակիչ ախտորոշմանը և մազաթափությանը կարﬕր գայլախտի ժամանակ։ Մանրամասնելով քրոնիկ մազաթափության պաթոգենեզի ախտանիշները՝ նա ուշադրություն հրավիրեց դրա ախտորոշման սխալների վրա, իսկ զեկույցը եզրափակեց կլինիկական դեպքերի ներկայացմամբ։

Պրոֆեսոր Խաչիկ Խաչիկյանն անդրադարձավ պսորիազ, վիտիլիգո և կարմիր տափակ որքին հիվանդությունների ախտորոշմանը, դրանց զարգացման փուլերին, հիմնական դերմատոսկոպիական բնութագրիչներին և դրսևորումներին, ինչպես նաև ներկայացրեց ՄԻԱՎ-զուգորդված Կապոշիի սարկոմայի կլինիկական դեպք, որը գրանցվել էր մեր երկրում։

Սանկտ Պետերբուրգի Ի.Պ. Պավլովի անվան պետական ​​բժշկական համալսարանի մաշկավեներաբանական հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր Կոնստանտին Մոնախովը բացահայտեց կարﬕր գայլախտի մաշկային ձևերը. ախտորոշման և բուժման հաջողության գաղտնիքները՝ մեջբերելով համապատասխան լաբորատոր տվյալներ։

Հայ մասնագետները ներկայացրին «Բշտային էպիդերմոլիզով հիվանդների վերարտադրողական ներուժը», «Մաշկի անցանկալի դեղորայքային ռեակցիաներ», «Պսորիազ և սուպպուրատիվ հիդրադենիտ տարօրինակ զույգի ախտածագման ընդհանուր ﬔխանիզﬓերը և հեռանկարային բուժումը», «Պսորիազի հոգեսոցիալական բեռը», «Կորյակային հիվանդության հոգեսոցիալական բեռը», «Մոնոկլոնալ հակամարﬕնների ազդեցությունը ձեռքբերովի պերֆորատիվ մաշկախտների էթիոպաթոգենեզում», «Քորի տարբերակիչ ախտորոշման և բուժման առանձնահատկությունները», «Ատրոֆիկ սպիների շտկման ժամանակակից գործիքային ﬔթոդները» զեկույցները։