Մասնագիտական երկխոսություն հայ և իտալացի դեղագետների միջև

Մասնագիտական երկխոսություն հայ և իտալացի դեղագետների միջև

Բժշկական բուհում նոյեմբերի 20-ին հայ և իտալացի դեղագետների երկրորդ համատեղ հանդիպումն անցկացվեց։

Նախորդ տարվա հոկտեմբերին տեղի էր ունեցել առաջին հանդիպումը, որն իրականություն դարձավ Իտալիայի Կամերինոյի համալսարանի գործընկերների հետ տարիների համագործակցության և համատեղ քննարկումների շնորհիվ։

Իտալիայի Կամերինոյի համալսարանը (University of Camerino – UNICAM) Իտալիայի ամենահին և հեղինակավոր ակադեմիական կենտրոններից է, որը հիմնադրվել է 1336 թվականին։

Միջոցառումն իր ներկայությամբ պատվեց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, ով առաջին անգամ էր հյուրընկալվում բժշկական բուհում։

Երկիրը, որը նա ներկայացնում է՝ Իտալիան, մշակույթի, գեղեցկության, արվեստի, վերածննդի երկիր է, բայց նրա փոխանցմամբ՝ Իտալիան հարուստ է նաև գիտնականներով և տարբեր ոլորտների պրոֆեսիոնալներով։

«Սա հստակ, իրատեսական մակարդակի գործակցության օրինակ է։ Մենք ունենք նաև այլ համալսարաններ, որոնք կառուցում են իրատեսական համագործակցության վրա հիմնված կամուրջներ»,- նշեց դիվանագետը:

Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը փաստեց, որ այս հանդիպմամբ ԵՊԲՀ-ն իտալացի կոլեգաների հետ գիտական և կրթական ասպարեզներում կամրջում է արդյունավետ փոխհարաբերություններ։

«Ինձ համար շատ հաճելի է, որ մենք այսօր հանդիպում ենք մեր ֆարմակոլոգիական և դեղագործական դաշտի գործընկերների հետ։ Կարծես թե մեր հայ ֆարմակոլոգները և Իտալիայի կոլեգաները արդեն ոչ միայն գործընկերներ են, այլև ընկերներ, ինչը ուրախալի է, որովհետև երբ պրոֆեսիոնալ հարաբերությունները սնվում են նաև լավ մարդկային փոխհարաբերություններով, դրանից գործը միայն շահում է»,- շեշտեց Կոնստանտին Ենկոյանը։

Ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Բալասանյանի գնահատմամբ՝ Դեղագիտական ֆակուլտետի մի քանի ամբիոնների հետ համատեղ անցկացվող այս հանդիպումը մեծ լիցք է տալիս երիտասարդ հետազոտողներին, որպեսզի կարողանան ներդնել իրենց նոր գաղափարներն ու մտահղացումները գործնական հարթակում։

«Մենք շատ ուրախ ենք ևս մեկ անգամ հանդիպել նման բարձր մասնակցությամբ միջոցառմանը, որը փոխակերպվել է գեղեցիկ ավանդույթի։ Մենք հպարտ ենք այս գիտական գործակցության համար, հատկապես երիտասարդ գիտնականների համար։ Ցանկանում եմ, որ կլինիկական ֆարմացին որպես մասնագիտացում մեր կլինիկաներում նույնպես ներդրվի։ Մեր համալսարանում դա դեռ տեսական մակարդակի վրա է, սակայն կլինիկական դեղագետներ ունենալը կապահովի դեղագիտության առաջխաղացումը»,- ասաց պրոֆեսոր Բալասանյանը՝ չմոռանալով հիշատակել պատերազմում զոհված մերօրյա հերոս, կրտսեր կոլեգա, կլինիկական դեղագետ, բժիշկ, Կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոս Վահե Մելիքսեթյանին, որին ուսանելու տարիներից ճանաչում և այսօր էլ հիշում են իտալացի գործընկերները, և ով իր ներդրումն ունի այս համագործակցության կայացման գործում։

Դեղագիտական ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանը նույնպես կարևորեց միջոցառման անցկացումը՝ հատկապես երիտասարդ գիտնականների մասնակցության դիտակետից։

«Հարգելի հյուրեր, հույս ունեմ, որ լավ տպավորություններ ու դրական հիշողություններ կտանեք ձեզ հետ մեր երկրից։ Շատ հետաքրքիր, կարևոր կոնֆերանս է։ Նախորդ տարի մեկնարկելով՝ այսօր այն շարունակական է, և կարծում եմ, որ արդյունքները գոհացուցիչ կլինեն»,- ասաց նա։

Բժշկական համալսարանի և Կամերինոյի համալսարանի միջև շուրջ 15-ամյա համագործակցության ընթացքում ձևավորվել են լավ ավանդույթներ։

«Կարևորում եմ այն, որ Իտալիայում, ինչպես նաև եվրոպական շատ երկրներում, կլինիկական ֆարմակոլոգներն ընտրում են ճիշտ դեղը՝ ճիշտ անձի, պացիենտի համար, որովհետև մենք ցանկանում ենք ստանալ և ապահովել լավագույն բուժումը։ Կլինիկական ֆարմակոլոգը կարևոր դերակատարում ունեցող անձ է հիվանդանոցային գործունեության մեջ»,- հարցազրույցում նշեց Կամերինոյի համալսարանի ֆարմակոլոգիայի ամբիոնը ներկայացնող պրոֆեսոր Կարլո Պոլիդորին։

Նա համակարծիք էր պրոֆեսոր Բալասանյանի հետ այն պնդման մեջ, որ միջոցառումը երիտասարդ գիտնականների համար հրաշալի հնարավորություն է ներկայացնելու իրենց աշխատանքները, նոր տպավորություններ ձեռք բերել և նոր գաղափարներ ձևավորել:

Գիտական զեկույցների մեկնարկային թեման վերաբերում էր լաբորատոր հետազոտություններին։

Համալսարանական մասնագետները իտալացի կոլեգաների հետ քննարկեցին մի շարք մասնագիտական հարցեր, այդ թվում՝ կլինիկական հետազոտությունների զարգացումը Հայաստանում, մարտահրավերները, որը բժշկագիտության արդի թեմաներից է։

Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ նաև Դեղագիտական ֆակուլտետի ամբիոնների պրոֆեսորադասախոսական կազմի և երիտասարդ հետազոտողների՝ տարբեր մասնագիտական թեմաներով պաստառային գիտական աշխատանքներին։