Ռուսաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Ուկրաինայից և Վրաստանից ժամանած տասնյակ մասնագետներ ժամանել են Երևան՝ ԵՊԲՀ-ում այսօր մեկնարկած մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության խնդիրներին նվիրված միջազգային երկօրյա համաժողովին մասնակցելու նպատակով: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով համաժողովի հյուրերին և մասնակիցներին, նշեց, որ խորհրդանշական է, որ մասնագիտական այս հավաքն անցկացվում է բժշկական մայր բուհում: Նա ներկաներին տեղեկացրեց, որ հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը, բժշկական համալսարանը գործընկեր կառույցների ու մասնագետների նախաձեռնությամբ մանկաբուժության արդի խնդիրներին և մարտահրավերներին ուղղված քննարկումների շարք էր նախաձեռնել:
Ռեկտորի գնահատմամբ՝ այս միջազգային համաժողովը ևս կպարզաբանի ոլորտում առկա հաջողությունները և վեր կհանի առկա խնդիրները: Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության խնդիրներն առանձնակի կարևոր են, քանի որ հաճախ առնչվում են փոքրիկների կյանքի փրկության հետ: Նա նաև ընդգծեց, որ այսօր ԵՊԲՀ-ի կազմում է գործում մեր երկրում մանկաբուժական հիմնական ծանրաբեռնվածությունն իր վրա կրող երեք հիվանդանոցներից մեկը՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրը:
ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ, ՀՀ ԱՆ գլխավոր մանկական վիրաբույժ, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն, միջոցառման կազմակերպիչ Նիկոլայ Դալլաքյանը ներկայացրեց համաժողովի համանախագահներին: Նրանք էին՝ ՌԴ գլխավոր մանակական վիրաբույժ, Դ Ն. Ի. Պիրոգովի անվան ազգային հետազոտական բժշկական համալսարանի մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Ռազումովսկին և անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր, ՌԴ գիտության վաստակավոր գործիչ, Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար Վիլյամ Խաչատրյանը:
Մեր հայրենակիցը նաև ՌԴ մանկական նյարդավիրաբույժների միության նախագահն է: Համաժողովի մասնակիցներին իր խոսքն ուղղեց նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նա շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին և այն մասնագետներին, ովքեր ժամանել են Երևան իրենց փորձը ներկայացնելու և մանկական վիրաբուժության ասպարեզում Հայաստանի բժիշկների ձեռքբերումներին ծանոթանալու նպատակով: Ձեռքբերումները քիչ չեն, այդ մասին վկայում է նաև այն, որ նման ներկայացուցչական համաժողովին 66 զեկույցներից 11-ը հայաստանյան մասնագետներին է: Նրա խոսքով՝ մանկական վիրաբուժության ոլորտում զարգացումները վերջին քսան տարում ոչ միայն հետազոտական, նորագույն տեխնոլոգիաների, այլև համագործակցության արդյունք են:
ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչը ներկայացնելով վերջին տարիներին մանկական վիրաբուժության ոլորտում մեր երկրի հաջողությունները՝ ընդգծեց, որ երեխաների և դեռահասների առողջությունը օրակարգային է:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ մոր և մանկան գերակայությունն ամրագրված է ՀՀ կառավարության ծրագրում և կարևորվում են երեխաների առողջության պահպանման խնդիրներին ուղղված բոլոր ծրագրերը: Նա նկատեց, որ օրակարգային է մանկական վիրաբույժների սղության խնդիրը հատկապես մարզերում: Մանկական վիրաբուժության ոլորտում բուժօգնության որակի բարելավմանն ուղղված աշխատանքները կարևորելով նա առավել քան արդիական համարեց նման մասնագիտական հավաքի անցկացումը: Համաժողովի ընթացքում կքննարկվեն մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության ժամանակակից խնդիրները:
Զեկույցներ կներկայացվեց մի շարք նեղ մասնագիտական թեմաների շուրջ: Նախաձեռնողները հույս ունեն, որ մասնագիտական հավաքը կնպաստի բժիշկների որակավորման բարձրացմանը, ինչպես նաև կհանդիսանա լավ հարթակ մասնագետների շփման և համագործակցության համար: Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մասնակիցներին կտրվեն ՇՄԶ կրեդիտներ: Միջոցառումը կազմակերպվել է Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի, Մանկական վիրաբույժների ռուսական ասոցիացիայի, Մոլդովայի Հանրապետության Մանկական վիրաբուժության ազգային միության և Մանկական նյարդավիրաբույժների եվրասիական ասոցիացիայի կողմից:
Համակազմակերպիչն են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը, «Արաբկիր» բժշկական համալիրը: Կազմակերպմանն օժանդակել են մի շարք դեղագործական ընկերություններ: