Եկող տարվա սկզբին կմեկարկի «ԳԼՕԲՈՒՍ» ծրագրի 2-րդ շրջափուլը, որին կարող են մասնակցել Ընդհանուր բժշկության ֆակուլտետի անգլերենի իմացությամբ 4-րդ և 5-րդ կուրսի ուսանողները, ինչպես նաև կլինիկական օրդինատորները: Ծրագրի մեկնարկի առթիվ դեկտեմբերի 4-ին և 5-ին ԵՊԲՀ նիստերի դահլիճում անցկացվեցին երկրորդ շրջափուլի տեղեկատվական օրեր: ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանը ԵՊԲՀ ուսանողներին և սովորողներին ներկայացրեց ծրագրի մանրամասները, ինչպես նաև պատասխանեց մասնակիցների հարցերին: Ուսանողներին մասնավորապես հետաքրքրում էր ծրագրի հավելյալ ծանրաբեռնվածության չափը, առարկաների ցանկը, դասավանդման մեթոդը, գործնական պարապունքների ձևաչափը: Հանդիպմանը ներկա էր նաև ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Արթուր Փափազյանը, ով կոչ արեց ուսանողներին ակտիվ մասնակցություն ունենալ ծրագրին և բաց չթողնել հավելյալ կրթություն ստանալու այս հնարավորությունը:
«ԳԼՕԲՈՒՍ» ծրագրի առաջին շրջափուլի մասնակիցները կիսվեցին իրենց փորձով, ներկայացրեցին այն դրական ազդեցությունը, որը թողել է ծրագիրն իրենց վրա, շնորհակալություն հայտնեցին բժշկական մայր բուհին այս բացառիկ հնարավորության համար: Նշենք, որ «ԳԼՕԲՈՒՍ» ծրագրի առաջին փուլի արդյունքում մասնակիցների մեծ մասը համալրել է բուհի տեսական ամբիոններում դասավանդող մասնագետների շարքը: Ամերիկյան մոդելով կրթական այս կարևոր ծրագրի հիմնական նպատակն է՝ սովորողների տեսական գիտելիքները զուգադրել գործնական հմտություններին, ինչը կնպաստի դեռևս ուսանելու տարիներից ձևավորել կլինիկական մտածողություն: Դասընթացի կարևոր բաղադրիչներից մեկն է ուսուցումը հիվանդանոցային միջավայրում՝ հիվանդի մահճակալի մոտ, վիրահատարաններում և լաբորատորիաներիում:
Նշենք, որ ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի կողմից մշակման փուլում է աշխարհի լավագույն բժշկագիտական դպրոցների փորձի ներդրմամբ մի շարք նոր հավելյալ կրթական ծրագրերի իրականացումը: