Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Մեր մեծերը»․ Արա Դարզի

«Մեր մեծերը»․ Արա Դարզի

Շարունակելով «Մեր մեծերը» շարքը` այս անգամ անդրադառնում ենք բրիտանացի հայազգի կենդանի լեգենդ, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Արա Դարզիին` (Ara Darzi)․ նա համարվում է աշխարհի առաջատար վիրաբույժներից մեկը և զբաղեցնում է Լոնդոնի Կայսերական քոլեջի վիրաբուժության ամբիոնի վարիչի պաշտոնը։ Արա Դարզին վիրաբուժության մեջ բազմաթիվ նորամուծությունների և նոր տեխնոլոգիաների կիրառման պիոներ է:

Լորդ Դարզին Բրիտանիայում ամենահայտնի հայն է: Նա ականավոր վիրաբույժ է, լապարասկոպիկ վիրաբուժության առաջամարտիկ, ով փրկել է անհամար մարդկանց ամբողջ աշխարհում և օգնել խուսափել ինվազիվ վիրահատությունից: Նա կառավարությունում հանդես է եկել որպես առողջապահության նախարար և դարձել է Լորդերի պալատի անդամ: Որպես գաղտնի վստահելի անձ՝ նա Թագուհու ամենամերձավոր խորհրդականներից էր:

Նա նաև Թագավորական միության՝ ամենահին եւ ամենահեղինակավոր գիտական ակադեմիայի անդամ է: 2002թ.-ին, երբ ընդամենը 42 տարեկան էր, Թագուհին նրան ասպետի կոչում է շնորհել՝ բժշկության և վիրաբուժության ոլորտում ունեցած ավանդի համար:

Բժիշկը ծնվել է 1960թ.-ի մայիսի 7-ին Իրաքի Բաղդադ քաղաքում՝ Մեծ Եղեռնից փրկված հայերի ընտանիքում։ Հայրը մասնագիտությամբ ինժեներ էր, որը հետագայում կրթություն է ստացել Բերկլիի համալսարանում:  Երբ Արան 17 տարեկան էր, որոշում կայացրեց տեղափոխվել Դուբլին. երազում էր լավ բժշկական կրթության մասին։ Նախնական կրթությունը Դուբլինում ստանալուց հետո Արա Դարզին հստակ գիտակցեց իր մասնագիտական ուղղությունը՝ բժշկությունը՝ հակառակ հոր ցանկության, որը երազում էր, որ որդին գնա իր հետքերով:

Սովորել է Վիրաբուժության թագավորական քոլեջում, ապա՝ գիտական աստիճան ստացել Դուբլինի համալսարանում։

Արա Դարզին ստացել է բժշկական փայլուն կրթություն` սովորելով այնպիսի աշխարհահռչակ համալսարաններում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիայի Վիրաբուժության թագավորական համալսարանը, Վիրաբուժության ամերիկյան համալսարանը, Գլազգոյի վիրաբուժության և բժշկագիտության արքայական համալսարանը, Էդինբուրգի վիրաբուժության համալսարանը, Լոնդոնի բժշկագիտության ակադեմիան, Արքայական տեխնոլոգիաների ակադեմիան:

Արա Դարզին փայլել է ոչ միայն բժշկագիտության, այլև ինժեներիայի ոլորտում՝ փաստորեն արդարացնելով հոր երազանքները ևս:

Դարզիի գլխավորությամբ բրիտանացի մասնագետները ստեղծել են I-Snake  սարքը: Այդ ռոբոտ-գործիքը երկար խողովակ է, որի մեջ տեղակայված է միկրոշարժիչ, տվիչ և տեսադիտման սարք: Դարզիի և նրա գործընկերների հաջորդ մշակումը կոչվեց «Դա Վինչի»․ այն բժշկական ռոբոտ է, որն անհրաժեշտ է այնպիսի վիրահատությունների ժամանակ, որտեղ պահանջվում է նշտարով աշխատելու առավելագույն ճշգրտություն, օրինակ՝ սրտի վիրահատության ժամանակ:

Դարզիի հաջորդ գաղափարը, որը բժիշկների մոտ տարակարծություն առաջացրեց, «սև արկղն» էր: Նա առաջարկում էր հիվանդանոցները համալրել այնպիսի սարքերով, որոնք հիշեցնում են ինքնաթիռներում ձայնագրող «սև արկղերը»: Արա Դարզին նույնիսկ նախագծել էր այնպիսի «սև արկղ», որը կարձանագրեր վիրահատարանում կատարվող յուրաքանչյուր գործողություն: Էլեկտրամագնիսական և գերձայնային սենսորները հարմարեցված են վիրաբույժի ձեռքերին, որոնք հստակ արձանագրում են նրա յուրաքանչյուր գործողություն: Դարզիի կարծիքով՝ նման սարքավորումն առավել անվտանգ կդարձնի վիրահատությունը: Միևնույն ժամանակ, վիրահատության ընթացքում առաջացած բարդությունների դեպքում հնարավոր կլինի հեշտությամբ պարզել` դա եղել է բժշկի անփութության պատճառով, թե մարդու օրգանիզմն ի վիճակի չի եղել դիմադրել:

Իհարկե, Դարզիի նոր գաղափարը բժիշկներին բաժանեց երկու խմբի. ոմանք գտնում էին, որ բժիշկը վիրահատարանում առանց այն էլ բավական լարված վիճակում է, և սև արկղի գաղափարը հավելյալ լարվածություն կառաջացնի:

Կրթություն ստանալուց բացի, Արան իր ազգանունը նույնպես ստացել է ուսանողության տարիներին Դուբլինում, նրա հայկական ազգանունը իռլանդացիների համար դժվար արտասանելի էր:

«Արա անունը նման է իռլանդական տարածված անձնանվան՝ Դարա: Դարզին նման է իռլանդական շատ տարածված ազգանվան՝ Դարսի: Այսպիսով, ինձ սկսեցին կոչել Դարա Դարսի սևուկ Փեդդի», – մի անգամ ասել է բժիշկը հարցազրույցի ժամանակ:

 Իսկ «սևուկ» լինելը հայկական արմատների և Բաղդադում անցկացրած մանկության արդյունքն է:

Բրիտանական քաղաքական վերնախավը, որը  փակ է իր գաղտնիքների նման,  շատ հազվադեպ է ընդունում դրսից եկածին: Բաղդադից եկած հայ տղայի համար հաջողելու շանսերը գրեթե զրոյական էին: Այնուամենայնիվ, Արա, հիմա արդեն՝ Լորդ Դարզիի մոտ դա ստացվել է:

Այժմ Լոնդոնի Կայսերական քոլեջում նրա ղեկավարած ամբիոնը զբաղվում է ռոբոտացված վիրաբուժությամբ։ Պրոֆեսորը նախաձեռնել է վիրաբուժությունում ռոբոտների և տեխնոլոգիաների կիրառումը։ Արա Դարզին Լոնդոնի Կայսերական քոլեջի Գլոբալ առողջության նորարարության ինստիտուտի տնօրենն է, ինչպես նաև քոլեջի Փոլ Համլինի վիրաբուժության ամբիոնի և Քաղցկեղի հետազոտության ինստիտուտի ղեկավարը։ Ներկայում Դարզին, ում անվանում են լապարասկոպիայի առաջամարտիկ, ղեկավարում է հետազոտողների մեծ խումբ: Նրա հետաքրքրությունների հիմնական ոլորտներն են նվազ ինվազիվ վիրաբուժությունը և կից տեխնոլոգիաները, կենսաբժշկական ճարտարագիտությունը (բժշկական կրթությունից բացի, Դարզին նաև ճարտարագիտական գիտությունների գիտական աստիճան ունի):

Առողջապահական համաշխարհային նորարարությունների ինստիտուտի միջոցով, որի նախագահն է, նա օգնում է ստեղծել առողջապահական նոր համակարգեր և բարելավել վիրաբուժությունը Հայաստանում:

Ականավոր բժիշկը երբեք չի մոռացել իր ակունքները և միշտ ասում է, որ մեծացել է հայ լինելու ինքնագիտակցությամբ: Ծնողների և քրոջ հետ շփվելիս նա միշտ հայերեն է խոսում:

2004թ. հոկտեմբերին նա, առաջին անգամ այցելելով Հայաստան, լապարասկոպիկ վիրահատություններ է արել Երևանում, հայաստանյան հիվանդանոցներին նվիրել է սարքավորումներ և գործիքներ, նաև մի շարք դասընթացներ է վարել հայաստանցի մասնագետների համար, բժիշկների է հրավիրել Լոնդոն՝ տեսական եւ գործնական ուսուցման նպատակով:

ՀՀ ԳԱԱ-ն, բարձր գնահատելով Արա Դարզիի գիտական վաստակը, ինչպես նաև Հայաստանի հետ համագործակցությունը, 2008թ. նրան ընտրեց ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: Արա Դարզին 2019 թվականից նաև «Ավրորա» մրցանակաբաշխությունն իրականացնող մարդասիրական կառուցի ընտրող հանձնաժողովի նախագահն է:

Այսօր էլ Արա Դարզին ակտիվորեն համագործակցում է Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացման և նոր տեխնոլոգիաների ներդրման գործում:

Հիշեցնենք, որ 8 տարի առաջ՝ դեռևս 2017 թվականին, բժշկական համալսարանի թղթակցի հետ զրույցում Լորդերի պալատի միակ հայը ներկայացրել էր նախապապերի՝ Էրզրումից փախչելու և ցեղասպանությունից փրկվելու պատմությունը, Լոնդոնում մասնագիտական կայացման ճանապարհը։ Ականավոր վիրաբույժը հպարտ է իր հայկական ծագմամբ, ինչն, անշուշտ, նրա համոզմամբ, ազդեցություն է թողել իր հետագա կյանքի ու աշխարհայացքի վրա: Հարցազրույցը՝ հղումով։

2018 թվականի հունիսի 8-ին Արա Դարզին «Նորարարությունն առողջապահության ոլորտում»  խորագրով բաց դասախոսություն ունեցավ  Երևանի պետական բժշկական համալսարանում․ դասախոսությունը լեփ-լեցուն դահլիճում  համախմբել էր ոչ միայն ԵՊԲՀ ուսանողներին և դասախոսներին, այլև առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին։

https://ysmu.am/norutyunner/britanahay-akanavor-virabuyzh-ara-da/