Հայրենիքի կանչով 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրը արցախյան ճակատ մեկնեց նաև ապագա բժիշկների բանակի ծովինարցի զինվորը:
Շիրայր Մելքոնյանը սովորում է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսում, Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղից է:
«Սեպտեմբերի 27-ին ծանուցագիր ստացա, ամսի 28-ին արդեն մեկնեցի ռազմաճակատ: Քարվաճառի դիրքերում եմ գտնվել՝ որպես հրետանավոր: Մասնակցել եմ մարտական գործողություններին, բայց որքանով, որ կարողացել եմ, վիրավորներին ցուցաբերել եմ նաև առաջին բուժօգնություն. վիրակապել եմ, տեղափոխել թիկունք: Փորձում էի համատեղել զինվորի ու բուժակի գործը: Բժշկական համալսարանից շատ սովորողներ կային մեզ մոտ, առաջին կուրսի օրդինատորներ»,-նշում է ապագա բժիշկը:
Շիրայր Մելքոնյանը պատմում է, որ ամենածանր օրերից մեկը հոկտեմբերի 2-ն էր, թշնամին թիրախավորել էր իրենց ուղղությունը, ինտենսիվ հրետակոծության հետևանքով ունեցել են զոհեր ու վիրավորներ:
«Այդ պահին ես երկու վիրավոր զինվորի տարհանեցի, նրանցից մեկին, ցավոք, ճանապարհին կորցրեցինք: Նա կրծքավանդակի շրջանում ծանր վիրավորում էր ստացել, կյանքը փրկել չհաջողվեց: Այդ օրն ամբողջությամբ փորձում էի առաջնագծի զինվորներին օգնել իմ մասնագիտական կարողություններով, բուժօգնություն ցուցաբերել, մարտական դիրքից տեղափոխել վիրավորներին»,-պատմում է Շիրայրը:
Գրեթե մեկ ամիս գտնվել է ռազմաճակատում: Ժամկետային զինծառայությունն անցկացրել է Հադրութում.
«Անկախ նրանից՝ պատերազմ մեկնելու ծանուցագիր կստանայի, թե ոչ, հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու իմ ցանկությունը մեծ էր, ես որոշել էի, որ պետք է մեկնեմ: Սկզբում ցանկանում էի Հադրութ մեկնել՝ հաշվի առնելով, որ եղբայրս այնտեղ է ծառայում, բայց հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ մասնակցեցի Քարվաճառի մարտերին»:
Ապագա բժիշկը նշում է, որ իրենց ջոկատի կամավոր զինվորականների շնորհիվ նաև արագ կողմնորոշվելու, ինքնակազմակերպվեու խնդիր չեն ունեցել: Ըստ նրա, իրենց հենակետը ռազմական առումով հարմար դիրքում էր, բայց թշնամուն հաջողվել էր ԱԹՍ-ների միջոցով տեղորոշել նաև իրենց ուղղությունը:
«Առաջին օրն էր անսպասելի, հետո արդեն սովորական էին մարտական գործողությունները»,-նշում է Շիրայրը:
Նա խոստովանում է, որ պատերազմից հետո սկսել է ավելի արժևորել զինվորին: Որոշել է վիրաբույժ դառնալ, ամրապնդել «Սպիտակ բանակի» ուժը: