Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Ապագա դիմածնոտային վիրաբույժի համար հայրենիքի հանդեպ սերն անչափելի է

Ապագա դիմածնոտային վիրաբույժի համար հայրենիքի հանդեպ սերն անչափելի է

ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի շրջանավարտ Ծովինար Համբարձումյանը բժշկությունն իր կյանքը, ապրելակերպն է համարում:

«2006 թվականին ընդունվել եմ Երևանի պետական բժշկական համալսարան, անցել կրթական բոլոր փուլերը, բուհն ավարտելուց հետո աշխատել: Բժշկությունը ընտանեկան մասնագիտական ճյուղ է, հայրս ևս ստոմատոլոգ է, նաև այդ պատճառով եմ  ընտրել բժշկությունը»,-նշում է բժշկականի շրջանավարտը:

Մարդասիրական առաքելությունը, մասնագիտական շարունակական կրթությունը շատ է գնահատում: Այժմ Ծովինար Համբարձումյանը կլինիկական օրդինատոր է, ապագա դիմածնոտային վիրաբույժ: 

«Բառերով դժվար է նկարագրել, թե ինչ է բժշկությունը ինձ համար: Ես դրանով ապրում եմ, ոգեշնչվում»,-անկեղծանում է Ծովինարը:

Նա ակտիվորեն ներգրավված է եղել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու աշխատանքներում:

 Տեսնելով, որ վիրավորների մեծ հոսք կա, որոշում է միանալ շտապօգնության բուժանձնակազմին՝ վիրավորների կյանքերը փրկելու համար:

«Շտապօգնության բժիշկներն օգնելու նպատակով մենք ևս մեկնեցինք Արցախ: Առաջին վիրավորին՝ 44-օրյա պատերազմի մասնակից, զինծառայող Արթուր Սարոյանին Գորիսից տեղափոխեցինք Երևան, ապա գնացինք Ստեփանակերտ: Իվանյանի զինվորական  հոսպիտալից Երևան տեղափոխեցինք Մարտակերտում թշնամու տասնյակ զինվորներին հետ շպրտած, վիրավոր զինծառայող Մոնթե Ալեքսանյանին:

«Օր կար, որ երկու անգամ ենք գնացել Արցախ, վիրավորներ տեղափոխել: Մեզ համար խնդիր չէր հոգնածությունը, երկար ճանապարհը, մեկ նպատակ ունեինք՝ փրկել հայրենիքի համար առողջությունը վտանգած տղաներին: Անհրաժեշտ էր, որ Արցախից տղաների տեղափոխումը ճիշտ կազմակերպեինք, մարտի դաշտից տարհանվող տղաներին պատշաճ բուժօգնություն ցուցաբերվեր: Պատերազմը տվեց ընկերներ, բոլորիս դարձրեց մեկ ընտանիք, հասկացանք, որ հայրենիքի հանդեպ սերն անչափելի է»,-ասում է Ծովինարը:

 Նա պատմում է, որ ռազմաճակատ մեկնել է առանց տեղեկացնելու ընտանիքին: Ծովինար Համբարձումյանը հիշում է ամենատպավորիչ ու հուզիչ դեպքի մասին.

«Ստեփանակերտից տեղափոխում էինք ծանր վիրավորներից մեկին՝ Վանիկ Հակոբյանին: Հակառակորդի ԱԹՍ-ից վիրավոր տղայի վիճակն ամենածանրն էր: Ճանապարհին հավաքեցի նրա մայրիկի հեռախոսահամարը: Չեմ մոռանա մոր ձայնը, երբ լսեց, որ որդին վիրավոր է, տեղափոխում ենք Երևան»:

 Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցն ապաքինվում է: Կամավոր ճակատ մեկնած կլինիկական օրդինատոր Ծովինար Համբարձումյանի ցանկությունը մեկն է՝ մարդասիրական առաքելությունը շարունակել խաղաղ պայմաններում: