Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ շրջանավարտը թրծվելով կլինիկական ոլորտում ձեռք է բերել մասնագիտական փորձ

ԵՊԲՀ շրջանավարտը թրծվելով կլինիկական ոլորտում ձեռք է բերել մասնագիտական փորձ

Մեր օրերում բժշկագիտության ամենապահանջված ուղղություններից՝ անեստեզիոլոգիայի և ռեանիմատոլոգի գծով կլինիկական օրդինատոր Արտակ Կիրակոսյանն աշխատում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում: Կորոնավիրուսային համավարակի ողջ ընթացքում որպես բժիշկ համատեղությամբ աշխատում է նաև բարեգործական հիմնադրամում:

ԵՊԲՀ սովորողը ներգրավված է եղել անօթևանների կացարանային, կեցության պայմանների պատշաճ կազմակերպման, սննդի և բուժսպասարկման հարցերում, ինչպես նաև զբաղվել է Արագածոտնի մարզի տարեցների և հաշմանդամություն ունեցող մարդկանց տնային խնամքի կազմակերպմամբ։  

Արտակը բժիշկ դառնալու որոշումը կայացրել է դեռ մանկուց, որպեսզի բուժի առողջական խնդիրներ ունեցող իր մայրիկին։ Խոստովանում է, որ  բացի այդ նվիրական ցանկությունից միշտ սիրել է օգնել մարդկանց, իսկ բժշկի առաջնային առաքելությունը համարում է հենց մարդկանց օգնելը:

Նրա գնահատմամբ՝ բժիշկը պետք է լինի անշահախնդիր և կարեկցող, միևնույն ժամանակ ունենա ամուր, անկոտրում ոգի ու կամքի ուժ։

 «Չպետք է վախենալ ոչ մի դժվարությունից և ամենակարևորը պետք է արժևորել մարդկային կյանքը»,-ընդգծում է անեստեզիոլոգ-ռեանիմատոլոգը, որը չնայած մասնագիտական մի քանի տարվա փորձառությանը, հասցրել է թրծվել կլինիկական ոլորտում՝ ձեռք բերելով մասնագիտական փորձ:

Բժշկական բուհի այս տարվա շրջանավարտը նաև Արցախյան վերջին պատերազմի մասնակից է:

«Պատերազմի առաջին օրերից ամեն օր մեկնել եմ Արցախ և Հայաստանի   սահմանամերձ բժշկական կազմակերպություններ և վիրավորներին տեղափոխել Երևանի բժշկական կենտրոններ»,- պատմում է Արտակ Կիրակոսյանը:

Խոսելով հարազատ բուհի մասին՝ շրջանավարտը նշում է, որ ուսանողական շատ լավ, ջերմ հիշողություններով լեցուն տարիներ է ունեցել:

Արտակ Կիրակոսյանը պատերազմի ընթացքում ամենաշատ վիրավորներ տեղափոխած բժիշկներից է, որը վիրավորների տարհանմանն ու տեղափոխմանը մասնակցելու համար արժանացել է ՀՀ պետական պարգևի՝ «Երախտագիտություն» մեդալի:  Առաջիկայում ևս պատրաստվում է նպաստել մեր երկրում վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի զարգացմանը: