Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Միջազգային ասպարեզում մրցունակ մասնագետներ պատրաստելը՝ առաջնային պահանջ

Միջազգային ասպարեզում մրցունակ մասնագետներ պատրաստելը՝ առաջնային պահանջ

Բուհի ղեկավարն այսօր ԵՊԲՀ նիստերի դահլիճում հանդիպեց 4-րդ, 5-րդ և 6-րդ կուրսերի ուսանողների հետ: Ինչպես երեկ, այնպես էլ այսօր պրոռեկտորների ու դեկանների մասնակցությամբ հրավիրված քննարկման հիմնական թեման ուսանողներին հետաքրքրող խնդիրներն էին և համալսարանի կողմից իրականացվող ծրագրերը:

«Այն փոփոխությունները, որոնք իրականացվում են համալսարանում միտում ունեն ձեզ ավելի մրցունակ դարձնել միջազգային ասպարեզում», – ընդգծեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Բարձր առաջադիմությունն ու կարգապահությունն այն հիմնական չափանիշներն են, որոնք դրված են ապագա բժիշկների առաջ: Այս ուղղությամբ ևս բուհում զգալի աշխատանքներ են իրականացվել: Մասնավորապես ստեղծվել են և կարճ ժամանակահատվածում թե՛ աշխատակիցների, թե՛ սովորողների շրջանում լայն արձագանք են ստացել Իրավաբանական կլինիկայի, Կարգապահական հանձնաժողովի աշխատանքները: ԵՊԲՀ ռեկտորը շեշտեց, որ ստեղծված կառույցների աշխատանքը պետք է նպաստի, որպեսզի ուսանողն իր իրավական հենքը տեսնի հենց բուհում և ոչ թե այլուր:

ԵՊԲՀ-ի կողմից իրականացված գլոբալ ծրագրերից էր տասը ամսում համաժողովրդական միջոցներով կյանքի կոչված սոցիալական կարևոր նշանակության նախաձեռնությունը՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի ստեղծումը, որին իրենց գործուն աջակցությունն են ցուցաբերել նաև ուսանողներն ու կուրսանտները՝ դասերից հետո շինարարական աշխատանքներին ինքնակամ մասնակցելով:

Երևանի պետական բժշկական համալսարանում ստացող կրթությունն արտերկրում ճանաչելի դարձնելու ու բուհի վարկանիշը միջազգային կրթական դաշտում բարձր պահելու համար նախորդ տարի մեկնարկեց գերլարված օրակարգով ուսուցման «ԳԼՕԲՈՒՍ» ծրագիրը, իսկ արդեն այս տարի հնդիկ ուսանողների համար գործում է Հնդկաստանի Հանրապետության արտասահմանյան բժշկական շրջանավարտների քննության նախապատրաստական դասընթացների FMGE ծրագիրը:

Հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ կատարվեց նաև մասնագիտական կողմնորոշման հարցին: Արմեն Մուրադյանը նշեց՝ օրինակ, վիրաբուժության մեջ նախաձեռնողականության և ծայրահեղ պատասխանատվության առկայությունը պարտադիր պայման է:

Ուսանողներին հետաքրքրում էին նաև ուսանող-դասախոս փոխհարաբերություններին, ուսումնական պրակտիկային և կլինիկական օրդինատուրային վերաբերող հարցերը: