Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Միջազգային ծրագրային հավատարմագրումից կես տարի անց ուսումնական գործընթացների հետագա ճանապարհային քարտեզը՝ պրոռեկտորի ներկայացմամբ

Միջազգային ծրագրային հավատարմագրումից կես տարի անց ուսումնական գործընթացների հետագա ճանապարհային քարտեզը՝ պրոռեկտորի ներկայացմամբ

Գիտական խորհրդի հոկտեմբերի 30-ին հրավիրված 2024-2025 ուսումնական տարվա առաջին նիստը մեկնարկեց այն անդամներին ուղղված շնորհավորանքով, որոնց ծննդյան հոբելյաններն էին նախորդ ամիսներին:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն, ըստ բնագավառների, բժշկագիտության առաջընթացի գործում բարձր գնահատեց հոբելյար կին բժիշկ-գիտնականների ներդրումը:

Նիստին ներկա էր օրեր առաջ աշխարհի չեմպիոն դարձած «Հերացի» ավագ դպրոցի շրջանավարտ, ըմբիշ Հայկ Խլոյանը։ Երիտասարդի հպարտություն առաջացնող սպորտային մեծ հաջողության առթիվ նրան շնորհավորեցին համալսարանականները։ Ըմբիշին բուհի ղեկավարը խորհրդանշական նվեր փոխանցեց՝ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում բուժում ստացող տղաների ձեռքի աշխատանքի տեսքով։

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանի տարեկան հաշվետվությունն էր մեկ տասնյակ հարց ընդգրկող օրակարգի գլխավոր քննարկման նյութը։ 

«ԵՊԲՀ բազային կրթական ծրագրերում փոփոխությունների մշակման, ներդրման, գնահատման և հետագա անհրաժեշտ քայլերի իրականացման ճանապարհային քարտեզը» զեկույցում ուսումնական աշխատանքներին վերաբերող բոլոր գործընթացները` դասապրոցեսից մինչև միջազգային ծրագրային հավատարմագրման աշխատանքներ, կրթական ծրագրեր, դասախոսների որակավորում, էլեկտրոնային համալսարան, առաջադիմություն, գործնական հմտություններ, ժամանակակից գրադարանային ցանցի ձևավորում և այլն, պրոռեկտորի հանգամանալից ելույթի տիրույթում էին:

«Արագ զարգացող աշխարհում բժշկական կրթությունը մշտապես ենթարկվում է դինամիկ փոփոխման` պայմանավորված սոցիալ-տնտեսական իրավիճակով, հանրության պահանջներով, և որ ամենակարևորն է, բժշկագիտության սրընթաց առաջխաղացմամբ»,- ասաց Լարիսա Ավետիսյանը` հավելելով, որ այս պայմաններում ակադեմիական կրթագիտական կառույցի և վերը թվարկված իրականության միջև հաճախ առաջանում են խնդիրներ, որոնց հարթումը կարող է իրականացվել միայն կրթության կազմակերպման նորագույն գործիքակազմերի և նոր մեթոդաբանության կիրառման միջոցով:

2024-2026 թթ. նախատեսվող ուսումնական գործընթացի հիմնական մարտահրավերները, պրոռեկտոր Ավետիսյանի փոխանցմամբ, հստակ են 

  • «Բուժական գործ» միազգային 7 տարվա հավատարմագրում ստացած կրթական ծրագրի մոնիթորինգ,
  • Համալսարանի ինստիտուցիոնալ 3-րդ հավատարմագրման նախապատրաստում,
  • «Սոտամատոլոգիա» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրան նախապատրաստում,
  • «Ֆարմացիա» կրթական ծրագրերի հավատարմագրում: 

Բժշկական բուհում վերջին տարիներին մարտահրավերիների լուծումները դրվել են ուսուցման, մեթոդաբանության և գնահատման լավարկման հիմքում։ 

2023 թվականի սեպտեմբերից առաջին կուրսում ուսուցումն իրականացվել է մոդուլային ձևաչափով։ Դրանով պայմանավորված` և՛ ուսուցման, և՛ գնահատման համակարգում արձանագրվել են որոշակի խնդիրներ, որոնց հիմնական մասը շտկվել է, մյուս մասն ընթացքի մեջ է։ Այս տարվա սեպտեմբերից 4-րդ կուրսում նույնպես դասընթացներն իրականացվեցին մոդուլներով։ Կիրառված այս քաղաքականության արդյունքում 2026-2027 ուս․ տարում «Բուժական գործ» կրթական ծրագրերի մոդուլային ձևաչափով դասավանդման շրջափուլն ամբողջությամբ կյանքի կկոչվի, ինչը նշանակում է, որ առաջիկա երկու տարին կրթության պատասխանատուներից պահանջելու է հետևողական աշխատանք՝ ուսուցման և գնահատման հիմքում դնելով վերջնարդյունքների յուրացումն ապահովող բոլոր անհրաժեշտ ինտեգրման մակարդակները։

«Միջազգային ծրագրային հավատարմագրումից անցել է կես տարի, որի ընթացքում իրականացվել են որոշակի փոփոխություններ վերանայվել և բարելավել է կրթական ծրագրերի մոդուլային կառուցվածքը»,- փաստեց պրոռեկտորը՝ մանրամասնելով ի նպաստ կրթության բարելավման կատարված փոփոխությունների տրամաբանության և քայլերի հաջորդականության մասին։

Նշենք, որ կրկին կրթական ծրագրերի միջազգայնացման հավատարմագրման համատեքստում հիմնովին վերանայվել է ուսումնաարտադրական պրակտիկայի մոդելը։

Պրակտիկան կրթական գործընթացի ածանցյալ կարգավիճակից փոխակերպվել է հիմնական շեշտադրվող մոդուլների շարքի:

Ուսումնական պլանում ներդրվել է 10 կրեդիտ ընդհանուր բեռնվածությամբ հետազոտական և 20 կրեդիտ ընդհանուր բեռնվածությամբ 16 էլեկտիվ առարկա:

Ավարտական քննությունների ժամանակահատվածում համալսարանի Կրթության որակի գնահատման և ապահովման կենտրոնի կողմից վերջին քննությունից հետո շրջանավարտների շրջանում հարցումներ են անցկացվում, որտեղ հարցերի շրջանակը վերաբերում է ոչ միայն ամփոփիչ քննության ձևաչափին և անցկացման որակին, այլև 5-6 տարվա ընթացքում ստացած կրթության գնահատմանը: Հարցմանը մասնակցած 420 շրջանավարտ` շուրջ 90 տոկոսը, դրական է գնահատել վերը թվարկած երկու խնդիրներին վերաբերող հարցերը:

«Այնուամենայնիվ, գիտելիքի ստուգման երեք փուլերի` թեստային համակարգի, (որի կիրառումն ամբողջ աշխարհում գնահատման հիմնական ձևերից է), կլինիկական հմտությունների և բժշկական մտածելակերպի ստուգման ձևաչափում մենք փոփոխությունների իրականացման անհրաժեշտություն ենք տեսնում` հիմնավորելով, թե ինչու և ինչպես»,- նկատեց պրոռեկտորը:

Դասախոսների որակավորման բարձրացում, վերապատրաստումներ, կրթական ծրագրերի մշակման մեջ գործատուների մասնակցության բարձրացում, ուսանողների բարձրացված հարցերին մանդատային հանձնաժողովների կողմից տրված արագ արձագանքներ` թեմաներ էին, որոնցով ամբողջացված էր թվային ու վերլուծական բաղկացուցիչ ունեցող հաշվետությունը։

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորը խոսքը եզրափակեց իր համար սկզբունքային նշանակություն ունեցող տողերով՝ հիշեցնելով կոլեգաներին, որ նշված մարտահրավերների և խնդիրների հաղթահարումը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ ուսումնական պրոցեսի իրականացման թիվ մեկ պատասխանատու օղակը՝ ամբիոնը, ոչ միայն ցուցաբերի բարձր պատասխանատվություն, այլև անմիջական մասնակիցը դառնա կրթական բարեփոխումների մշակմանը, ներդրմանը և գնահատմանը։

Զեկուցողին տարբեր հարցեր հղեցին պրոֆեսորադասախոսական կազմի ավագ և երիտասարդ ներկայացուցիչները:

Արձագանքելով դասախոսական կազմի տարիքային բնութագրին վերաբերող հարցին` ԵՊԲՀ ռեկտորը նշեց, որ տեսական ամբիոններում համալսարանի կադրային քաղաքականությունն ուղղված է երիտասարդացմանը։ Խոսելով անհրաժեշտ քայերի մասին` նա ընդգծեց, որ կադրային հարցերում խստացում է գրանցվելու, և ավագ գործընկերները պետք է գիտակցեն իրենցից ավելի լավ կադրեր պատրաստելու անհրաժեշտությունը, ինչն ուսումնական գործընթացում անխուսափելի է։

Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց Լարիսա Ավետիսյանին ուսումնական մեծ ծավալի աշխատանքների իրականացման համար՝ շեշտադրելով, որ անկախ հսկայական հաջողություններից, միջազգային դաշտում բուհի հեղինակությունն ու հաստատուն տեղը պահպանելու գործում պահանջվում է շարունակական աշխատանք։

Առաջիկայում «Մուրացան» մանկական հիվանդանոցում կբացվի մանկաբուժության մեջ ավանդ ունեցող գիտնական, պրոֆեսոր Սահիդ Իբոյանի անվան դասասենյակ: Նոմինացիոն կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Վլադիմիր Շեկոյանի ներկայացմամբ` լսարանի անվանակոչման համար միջնորդությամբ դիմել է Հայաստանում ամենամեծ էթնիկ փոքրամասնությունը ներկայացնող եզդիական համայնքի ներկայացուցիչ, հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ վաստակավոր լրագրող Հասան Թամոյանը: Գիտական խորհուրդը հավանություն տվեց դասասենյակի անվանակոչման հարցին։ Լսարանը կվերանորոգվի համալսարանաշինությանն ուղղված «Վերադարձ» ծրագրի շրջանակում` դիմող կողմի ֆինանսավորմամբ:

Հաջորդիվ, հաստատվեցին 2024-2025 ուսումնական տարվա աշխատանքային պլանը, ինչպես նաև ուսումնական գործընթացը կարգավորող մի շարք փաստաթղթեր:

Ուսումնակրթական և գիտական հարցերով առանցքային որոշումներ կայացնող մարմինը հաստատեց նաև ԵՊԲՀ անվանական կրթաթոշակի հավակնող ուսանողների թեկնածությունները:

Այս ուսումնական տարում նրանք տասն են:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով` դոցենտի գիտական կոչման շնորհման երաշխավորություն տրվեց բժշկական գիտությունների թեկնածու, Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի ղեկավար Մարգարիտա Խուդավերդյանին և կենսաբանական գիտությունների թեկնածու, Բժշկական մանրէաբանության ամբիոնի ավագ դասախոս Գոհար Գրիգորյանին: