ԵՊԲՀ գիտական խորհրդի հատուկ նիստի ընթացքում անվանի սրտային վիրաբույժ, պրոֆեսոր, ակադեմիկոս Լեո Բոկերիային շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:
Ամբողջ աշխարհում մեծ ճանաչում ձեռք բերած սրտաբան Լեո Բոկերիայի այցը Հայաստան և նրա խորհուրդները ուսուցողական էին հատկապես ապագա բժիշկների համար: Հենց նրանց հետ հանդիպմանը երկարամյա մասնագետը ներկայացրեց իր անցած ուղին, պատմեց նաև այն անվանի հայ բժիշկների մասին, որոնց հետ առիթ է ունեցել աշխատել:
Սրտային վիրաբույժը 1968թ. աշխատում է Ա.Ն. Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության ազգային բժշկական հետազոտական կենտրոնում, 1994թ. կենտրոնի ղեկավարն է: Լեո Բոկերիան աշխարհում առաջիններից է սկսել իրականացնել արագ վիրահատություններ սրտի բնածին, ձեռքբերովի արատների շտկման կամ սրտի իշեմիկ հիվանդությունների դեպքում: Նրա կատարած վիրահատությունները զգալիորեն ընդլայնել են նախկինում անգործունակ հիվանդների բուժման համար:
Բժիշկը վաղ առավոտից հիվանդանոցում է՝ մարդկանց վիրահատելու, ինչպես նաև մի շարք կազմակերպական հարցեր լուծելու ամենօրյա հրամայականով: Ուսանողների հետ հանդիպման ընթացքում նա հանգամանալից ներկայացրեց իր ղեկավարած բժշկական հաստատության կատարած աշխատանքը, իրականացվող վիրահատությունների ծավալները, ախտորոշման և բուժման նոր մեթոդները:
Լեո Բոկերիան ապագա բժիշկներին հորդորեց լինել համառ, հետևողական, հարգել ուսուցիչներին և լավ սովորել:
ԵՊԲՀ ուսանողներին հետաքրքրում էին Լեո Բոկերիայի մասնագիտական ճանապարհի ամենատարբեր մանրամասները, թե ո՞րն է եղել ամենաբարդ վիրահատությունը, ինչ հիշողություններ ունի ուսանողական տարիներից:
Վիրաբուժությամբ ակտիվ զբաղվող բժիշկը կարևորում է նաև հասարակական և գիտական գործունեությունը: Նա «Ազգի առողջության լիգա» Համառուսական հասարակական կազմակերպության նախագահն է: Քարոզելով առողջ ապրելակերպ՝ սրտաբանը նախաձեռնել է «Զբոսանքներ բժշկի հետ» միջոցառումը, որն անցկացվում է ամեն շաբաթ Մոսկվայում և բաց է բոլոր ցանկացողների համար:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց հանրահայտ բժշկին դասախոսության, ինչպես նաև ուսանողների հետ անմիջական ու անկեղծ երկխոսության համար:
Նա շնորհավորելով երիտասարդներին Ուսանողության միջազգային և Ռազմական բժշկի օրվա առիթներով՝ ընգծեց, որ ուսանողական տարիները լավագույնն են յուրաքանչյուր մարդու կյանքում: