Աշխատանքային հանդիպում Հորդանանի Հաշիմյան թագավորության պատվավոր հյուպատոսի հետ  

Աշխատանքային հանդիպում Հորդանանի Հաշիմյան թագավորության պատվավոր հյուպատոսի հետ   

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ռեկտոր Արմեն Մուրադյանի մասնակացությամբ կայացավ հանդիպում-քննարկում Հորդանանի Հաշիմյան թագավորության պատվավոր հյուպատոս Արա Մկրտչյանի հետ։

Անդրադառնալով բուհի Ընդհանուր բժշկության ֆակուլտետի «Բուժական գործ» կրթական ծրագրերի միջազգային հավատարմագրման փաստին` պրոֆեսոր Մուրադյանը շեշտեց, որ այս պահին հավատարմագրման փուլում են Դեղագիտական և Ստոմատոլոգիական ֆակուլտետները և հետդիպլոմային կրթությունը: «Աշխարհի 33 երկրից 2000-ից ավելի արտասահմանցի ուսանողներ ընտրել են մեր բուհը բժշկական կրթություն ստանալու նպատակով, ինչը մեզ համար, անշուշտ, կարևորագույն ցուցանիշներից մեկն է: Մեզ մոտ տարեցտարի գրանցվում է արտասահմանցի ուսանողների աճ: 40 երկրում շուրջ 8000 շրջանավարտ «Հերացիական» է ներկայանում և շարունակում իր աշխատանքը: Հորդանանից ունենք 228 ուսանող, որոնցից 198-ը սովորում է 1-6-րդ կուրսերում, իսկ 30-ը` նախապատրաստական բաժնում: Ճնշող մեծամասնությունը կրթություն է ստանում միջպետական համաձայնագրի շրջանակում», – համառոտ ներկայացրեց բուհի ղեկավարը` շեշտելով, որ օտարերկրացի ուսանողները մշտապես համալսարանի ուշադրության կենտրոնում են:

Հայաստանում Հորդանանի Հաշիմյան թագավորության պատվավոր հյուպատոս Արա Մկրտչյանի նախաձեռնությամբ հորդանանցի ապագա բժիշկների կացության վերաբերյալ վերհանված որոշակի հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև Արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի բաժնի կցորդ Զարուհի Ներսիսյանը և ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության միջազգային համագործակցության և սփյուռքի հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Սիմոնյանը։

Բժշկական բուհի կողմից քննարկմանը ներկա էին Միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը, Հետբուհական եւ շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը և Օտարերկրացիների ուսուցման դեպարտամենտի ղեկավար Գայանե Ավետիսյանը: Մինչ այդ պատվավոր հյուպատոսը հանդիպել էր նաև հանրակացարանի պատասխանատու Տիգրան Ղազարյանի հետ։

Ռեկտորի առաջարկությամբ կողմերի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց պետական գերատեսչությունների պատասխանատուների մասնակցությամբ այցելել բուհի հանրակացարան` տեղում ծանոթանալու արտասահմանցի ուսանողների կացության պայմաններին: