Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական բուհը և ԱՄՆ Ուիբերի պետական համալսարանը կընդլայնեն համագործակցությունը

Բժշկական բուհը և ԱՄՆ Ուիբերի պետական համալսարանը կընդլայնեն համագործակցությունը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանն ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում այցելեց Յուտա նահանգի Օգդեն քաղաքում գտնվող Ուիբերի պետական համալսարան։

Այցը 2022 թվականի հունվարի 26-ին կազմակերպել էր Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանի կողմից դեռևս անցյալ տարվա հուլիսին Ուիբերի պետական համալսարանի ղեկավարության հետ ձեռք բերված համաձայնությունների շրջանակում։

Պրոռեկտորի այցի նպատակն էր հանդիպել նշանավոր Ուիբերի պետական համալսարանի և վերջինիս Առողջապահական մասնագիտությունների համալսարանական քոլեջի ղեկավարության հետ: Համալսարանը հիմնադրվել է 1889 թվականին և ներկայումս ունի 29 հազար ուսանող։

Երվանդ Սահակյանը ծանոթացավ համալսարանի կառուցվածքին, ուսումնական ծրագրերին, ուսանողների գործնական ունակությունների ձեռքբերման մեթոդական աշխատանքներին, ուսուցողական բազային, ինչպես նաև հետազոտական աշխատանքների ուղղություններին:

Կայացան գործնական հանդիպումներ համալսարանի ռեկտոր և ակադեմիական գործունեության փոխնախագահ դոկտոր Ռավի Կրովիի, դեկան և նախագահական վաստակավոր պրոֆեսոր Յասմեն Սիմոնյանի, փոխդեկան և պրոֆեսոր Քեն Ջոնսոնի, դեկան և միջազգային համագործակցության հարցերով պրոռեկտոր Յիմին Ուանգի, համալսարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարների հետ:

Այցի ընթացքում անցկացված քննարկումների արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց հաստատել հեռանկարային գործընկերային հարաբերություններ և հետագայում՝ համաձայնագրերի շրջանակում, կատարել համատեղ հետազոտական աշխատանքներ իրականացնել ուսումնական և մեթոդական փորձի, ինչպես նաև ուսանողների փոխանակման ծրագրեր:

Պրոռեկտորին այցի ընթացքում ուղեկցում էին Յուտա նահանգի շուրջ 2000 անդամ ունեցող հայ համայնքի ծխական խորհրդի նախագահ Օհաննես Մկրտիչյանը և ԵՊԲՀ շրջանավարտ, բժիշկ Արթուր Առաքելյանը: