Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ դոցենտը Նյու Դեյլիում մասնակցել է վիրուսային հեպատիտներին նվիրված միջազգային գիտաժողովին

Լյարդի ուսումնասիրման ասիական և խաղաղօվկիանոսյան ասոցիացիայի տարեկան 27-րդ գիտաժողովը (APASL- Annual Conference of the Asian Pacific Association for The Study of the Liver) այս տարի անցկացվեց մարտի 14-ից 18-ը Նյու Դեյլիում: Միջոցառումը մեկ հարկի տակ էր համախմբել առաջատար  բժիշկ-գիտնականներին աշխարհի տարբեր անկյուններից: Գիտաժողովին մասնակցող շուրջ 9000 պատվիրակները ներկայացրին զեկույցներ բժշկագիտության արդի թեմաներով:

Հայաստանյան պատվիրակության կազմում էին ԵՊԲՀ թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Վահե Ազատյանը,  Հայաստանի լյարդաբանական ասոցիացիայի նախագահ, ՀՀ ԱՆ գլխավոր լյարդաբան, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ լյարդաբանական բաժանմունքի վարիչ Հասմիկ Ղազինյանը, այլ մասնագետներ:

Դոցենտ Վահե Ազատյանը  ներկայացրել է իր, ինչպես նաև ԵՊԲՀ թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ,  ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանի, Հասմիկ Ղազինյանի և  Ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Մելանյա Շմավոնյանի համահեղինակությամբ «Բերանի խոռոչի լորձաթաղանթի փոփոխությունները վիրուսային հեպատիտներով հիվանդների մոտ Հայաստանում 2015-2017թթ.» գիտական աշխատությունը: Աշխատությունն անդրադառնում էր վիրուասյին հեպատիտներ ունեցող հիվանդների բերանի խոռոչի լորձաթաղանթի փոփոխություններին: Գիտական այս հետազոտությունը կարևոր հաղորդագրություն  է պարունակում ստոմատոլոգների համար. բերանի խոռոչի փոփոխությունների հիման վրա ժամանակին,  վաղ հայտնաբերել վիրուսային հիվանդությունները: Առաջիկայում մասնագիտական թիմը ծրագրում է ընդլայնել հետազոտական այս ուղղությունը: Համալսարանական մասնագենտերի կողմից ստեղծված արդիական այս ուսումնասիրությունը մեծ արձագանք  է ստացել մասնակիցների կողմից մասնագիտական շրջանակում: Նշենք, որ զեկույցը կտպագրվի Լյարդի ուսումնասիրման ասիական և խաղաղօվկիանոսյան ասոցիացիայի տարեկան գիտաժողովի «Hepatology International» հեղինակավոր միջազգային գիտական ամսագրում:

Վահե Ազատյանի խոսքով՝ տպավորիչ էր հատկապես այն, որ APASL-ի կողմից անկցկացվող կարևոր այս գիտաժողովի ընթացքում շատ պատվիրակներ նշել են այն մասին, որ ծանոթ են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատմությանը և գիտական ներուժին:

Լյարդի ուսումնասիրման ասիական և խաղաղօվկիանոսյան ասոցիացիայի պատվավոր նախագահն է հնդիկ պրոֆեսոր, աշխարհահռչակ գիտնական Շիվ Սարին (Shiv Kumar Sarin), ում ղեկավարությամբ ևս Հնդկաստանում մասնագիտական գործունեությունը տեղի բժշկական կազմակերպություններում հաջողությամբ շարունակում են նաև ԵՊԲՀ շրջանավարտները: