Գերմանիայի քաղաքացիական կրթության դաշնային գործակալության նախաձեռնությամբ մեկ շաբաթյա այցով Հայաստանում է գերմանացի լրագրողների ու հասարակական գործիչներից կազմված պատվիրակությունը: Հյուրընկալվող խմբի անդամները Գերմանիայի տարբեր քաղաքներում գործող լրատվամիջոցների լրագրողներ ու խմբագիրներ են, հանրային կառույցների հաղորդակցության բաժինների ղեկավարներ, ինչպես նաև հասարակական ճանաչում ունեցող անձինք: ԵՊԲՀ-ի հետ կապերի հաստատման և հետագա համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով պատվիրակությունն այսօր հանդիպեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և բուհի տարբեր ոլորտները համակարգող պրոռեկտորների հետ: Արմեն Մուրադյանը համառոտ ներկայացրեց համալսարանի պատմությունը:
«Մեր համալսարանում բժշկական կրթություն ստացող ուսանողներից յուրաքանչյուր չորրորդն օտարերկրացի է»,- նշեց բուհի ղեկավարը՝ հավելելով, որ ԵՊԲՀ-ի 6 ֆակուլտետներում 8000 սովորողներից 1800-ն արտերկրից են: Պետական բժշկական համալսարանն ավելի քան երեք տասնամյակ հաջողությամբ պատրաստում է բժիշկ-մասնագետներ օտարերկրյա պետությունների համար: Բուհի արձանագրած հաջողությունները վերաբերում են ոչ միայն ուսումնական, այլև գիտական և կլինիկական ոլորտներին: Վերջին երկու տարում ԵՊԲՀ այցելել է 5 նոբելյան մրցանակակիր, աշխարհի տարբեր առաջատար համալսարաններից 50-ից ավելի բժիշկ-գիտնականներ համալրել են համալսարանի այցելու պրոֆեսորների շարքը:
Արմեն Մուրադյանը նշեց, որ միջազգային մի շարք փոխանակային ծրագրերի շնորհիվ հայ-գերմանական փոխգործակցությունը բժշկական կրթության ոլորտում բարձր մակարդակի վրա է:
Գերմանացի լրագրողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ԵՊԲՀ ռեկտորին: Հարցադրումները վերաբերում էին բժշկական կրթությանը, դրա արտահանմանը, շրջանավարտների հետագա գործունեությանը, էթիկական և կարգապահական հարցերին, բժշկական տուրիզմին, բժշկական օգնության հասանելիությանը:
ԵՊԲՀ ռեկտորն ընդգծեց, որ բժշկական համալսարանը մեծ արտադրություն է, և բնակչության առողջության ստեղծման և պահպանման հարցում բժիշկներն ու լրագրողները, առհասարակ, հասարակական կարծիք ստեղծողները համատեղ աշխատանք պետք է իրականացնեն, իսկ բուժման գործընթացը նեղ մասնագիտական դաշտ է պահանջում:
Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները հանդիպումից անմիջապես հետո այցելեցին նաև «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տարածքում գտնվող Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, ծանոթացան համաժողովրդական միջոցներով կյանքի կոչված սոցիալական կարևոր նշանակության այս կառույցի ստեղծման պատմությանը: Հյուրերի ուշադրությանը ներկայացվեցին նաև վերականգնողական բուժման համար անհրաժեշտ տարածաշրջանում եզակի սարքավորումները, զինվորական հաշմանդամություն ունեցող մարդկանց հանգստի, մարզումների ու կեցության պայմանները: Գերմանացի մասնագետները ծանոթացան նաև Սիմուլացիոն կենտրոնի կողմից կատարվող աշխատանքներին:
Խմբի անդամները տպավորված էին թե՛ համալսարանի, թե՛ համալսարանական հիվանդանոցի հնարավորություններով, կատարված աշխատանքով ու ծրագրերով:
Նրանց հանգամանալից ներկայացվեց նաև համալսարանական երկու կլինիկաներում մատուցվող ծառայությունների մասին:
Նշենք, որ փետրվարի 21-28-ն ընկած ժամանակահատվածում Գերմանիայից ժամանած պատվիրակությունը կայցելի տարբեր նշանակություն ունեցող կազմակերպություններ: Այս այցելության նպատակը Հայաստանի քաղաքական, սոցիալական ու տնտեսական իրավիճակին, հիմնական խնդիրներին ու մարտահրավերներին ավելի մոտիկից ծանոթանալն է, ինչը հնարավոր կդարձնի հետագայում իրենց երկրին վերաբերող հարցերն առավել իրազեկ լուսաբանելուն: