Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ ռեկտորը և Հորդանանի դեսպանը քննարկեցին մասնագետների միջև փորձի փոխանակման հեռանկարները

ԵՊԲՀ ռեկտորը և Հորդանանի դեսպանը քննարկեցին մասնագետների միջև փորձի փոխանակման հեռանկարները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ընդունեց Հայաստանում Հորդանանի Հաշիմյան Թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան Խալեդ Շավաբկային և Առաջին քարտուղար, հյուպատոս Մութասեմ Ալբաշիրին:

Հանդիպման սկզբում Արմեն Մուրադյանը  կարևորեց Հորդանանի հետ համագործակցության ընդլայնումը բժշկական կրթության ոլորտում:  Ռեկտորը հիշեցրեց, որ բժշկական բուհը մի քանի տարի առաջ պատիվ ունեցավ հյուրընկալելու Հորդանանի արքայադստերը՝ Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահ Դինա Մայրեդին,  ինչի շնորհիվ ձևավորվեցին ոչ միայն գործնական, այլև ընկերական ջերմ հարաբերություններ:

Արմեն Մուրադյանը հյուրերին տեղեկացրեց, որ այս պահին ԵՊԲՀ-ում սովորում է հորդանանցի 194 ուսանող:

«Ընդ որում՝ ուսանողների մեծամասնությունը սովորում է առաջին կուրսում, ինչը վկայում է այն մասին, որ բժշկական համալսարանի համբավը Հորդանանում գնալով աճում է», – նկատեց բուհի ղեկավարը:

Միաժամանակ, ընդգծելով, որ Հորդանանում բժշկությունը բարձր մակարդակի վրա է, հատկապես՝ մանկական ուռուցքաբանության ոլորտում, ռեկտորը նշեց.

«Հորդանանից Հայաստան գալիս են բժշկություն սովորելու, իսկ Հայաստանից Հորդանան գնում են ավելի շատ հումանիտար ուղղություններ ուսումնասիրելու», – ասաց Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ ԵՊԲՀ-ն հետաքրքրված է Հորդանանի բժշկական կենտրոններում հայ մասնագետների մասնակցությամբ փորձի փոխանակման այցեր կազմակերպելով:

Դեսպան Խալեդ Շավաբկան, իր հերթին, գոհունակությամբ շեշտեց Հայաստանի և Հորդանանի միջև ձևավորված հարաբերությունները՝ պատրաստակամություն հայտնելով խորացնել համագործակցությունը պետական բժշկական բուհի և Հորդանանի համալսարանների միջև:

«Մենք բաց ենք փոխգործակցության նոր ծրագրերի և նախագծերի համար», –   ավելացրեց հորդանանցի դիվանագետը: Դեսպանը և հյուպատոսը հանդիպեցին նաև ԵՊԲՀ հորդանանցի ուսանողներին, որոնց հետ քննարկեցին նրանց հուզող հարցերը և դրանց լուծումները: