2017թ. նոյեմբերի 1-ից Բոստոնի համալսարանի նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր և գլխուղեղի կաթվածի կենտրոնի ղեկավար Վիգեն Բաբիկյանը համատեղությամբ կհանդիսանա նաև ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր:
Վիգեն Բաբիկյանը բժշկական կրթություն է ստացել Բեյրութի Ամերիկյան Համալսարանում և ԱՄՆ-ի Նորթուեսթերն Համալսարանում, այնուհետև անցել է նյարդաբանության ռեզիդենտուրա Չիկագոյի Համալսարանում և կաթվածների բնագավառում նեղ մասնագիտացում՝ Մասաչուսեթսի Հիվանդանոցում:
1986թ. նա սկսել է աշխատել Բոստոնի համալսարանի նյարդաբանության բաժանմունքում, որտեղ ներկայումս պրոֆեսոր է, գլխուղեղի կաթվածի կենտրոնի և վասկուլյար նյարդաբանության մասնագիտացման ղեկավարը: Պրոֆեսոր Բաբիկյանը հայտնի է կաթվածի բնագավառում կատարած հետազոտություններով, և աշխարհահռչակ ամսագրերում իր բազմաթիվ գիտական հրապարակումներով: