Նպատակ ունենալով խրախուսել ու շարունակել ակտիվ համագործակցությունը կլինիկական հետազոտությունների ոլորտում ԵՊԲՀ-ի և «ԷՖ Էմ Դի Քեյ Էլ Եվրոպա» ընկերության միջև այսօր կնքվեց փոխըմբռնման հուշագիր:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և «ԷՖ Էմ Դի Քեյ Էլ Եվրոպա» ընկերության տնօրեն Կիրիտ Վելանիի կողմից կնքված հուշագրով նախատեսվում է զարգացնել արդեն առկա համագործակցությունը:
Կողմերը հաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ համագործակցել Հայաստանում կենսատեխնոլոգիայի, մասնավորապես` կլինիկական հետազոտությունների ոլորտում առաջատար միջազգային կազմակերպությունների փորձի ներդրման ուղղությամբ: Այդ նպատակով կիրականացվեն քայլեր ուղղված բժշկական ոլորտում գիտական հետազոտությունների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ու բարեփոխումներին:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ կլինիկական հետազոտությունների ոլորտը գերականերից է և բժշկական համալսարանն ունի դրանց իրականացման համար ամենամեծ ներուժը:
«ԷՖ Էմ Դի Քեյ Էլ Եվրոպա» ընկերության տնօրեն Կիրիտ Վելանիի խոսքով՝ այս հուշագիրը հրաշալի հնարավորություն է երկու կազմակերպության համար, ինչը կխթանի մեր երկրում կենսատեխնոլոգիայի զարգացմանը։ Հայաստանի առավելություններից է այն, որ գրավում է աշխարհագրական կարևոր դիրք, մարդիկ տիրապետում են մի քանի լեզուների, նրանց տրվում է բարձր մակարդակի բժշկական կրթություն։
Նրա գնահատմամբ կնքված փաստաթուղթը օգտակար կլինի ոչ միայն սովորողների, այլև բժիշկների ու հիվանդների համար և կապահովի համագործակցության նոր փուլ կլինիկական հետազոտությունների ոլորտում:
Նշենք, որ Հայաստանում ավելի քան 200 աշխատատեղ ապահովող ընկերությունն առաջիկայում ծրագրում է հիմնել կենսատեխնոլոգիական լաբորատորիա, ինչն էականորեն կնպաստի կենսահամարժեքության ոլորտում առկա խնդիրների լուծմանը, նոր մոտեցումների կիրառմանն ու կատարելագործմանը: