Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Համագործակցության ընդլայնում Տաջիկստանի պետական բժշկական համալսարանի հետ

Համագործակցության ընդլայնում Տաջիկստանի պետական բժշկական համալսարանի հետ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետ համագործակցությունը խորացնելու նպատակով ԵՊԲՀ-ում է Տաջիկստանի Աբուալի իբնի Սինոյի անվան պետական բժշկական համալսարանից ժամանած մասնագետների խումբը: Տաջիկստանի պետական բժշկական համալսարանի նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Ֆարիզա Խալիմովան և նույն ամբիոնի պրոֆեսոր Ֆիրուզ Շուկուրովն այսօր տեղի գործընկերների՝ Ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Դրաստամատ Խուդավերդյանի և Հյուսվածաբանության ամբիոնի պրոֆեսոր Արտաշես Ազնաուրյանի հետ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին ներկայացրին համատեղ գործունեության արդյունքները և խոսեցին հետագա ծրագրերի մասին:

Արմեն Մուրադյանը կարևորեց համագործակցությունը կլինիկական, ուսումնական և հատկապես գիտական ոլորտներում: Գրեթե մեկ դար է, ինչ բժշկական բուհը մասնագետներ է պատրաստում ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի համար: Համալսարանի միջազգայնացումն է բոլոր հիմնական աշխատանքների առանցքում:

Տաջիկստանի պետական բժշկական համալսարանի նորմալ ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ Ֆարիզա Խալիմովան ավելի քան 8 տասնյակ գիտական աշխատանքների հեղինակ է: Առաջիկա օրերին վերարտադրողական առողջության թեմայով պատրաստվում է իր դոկտորական ատենախոսությունը պաշտպանել ԵՊԲՀ-ում: Պատահական չի ընտրել հենց մեր համալսարանը: Իր խոսքով՝ քաջ ծանոթ է բուհի պատմությանը, ինչպես նաև բժշկագիտության ոլորտում ձևավորած ավանդույթներին: Թե´ Խորհրդային Միության տարիներին և թե´ դրան հաջորդող ժամանակաշրջանում իր ղեկավարած ամբիոնը սերտորեն համագործակցում է ԵՊԲՀ ֆիզիոլոգիայի ամբիոնի հետ: Պրոֆեսոր Ֆիրուզ Շուկուրովն անձամբ իրենց համալսարանի ռեկտորի անունից ԵՊԲՀ ռեկտորին փոխանցեց իրենց կողմից կազմակերպվող ամառային 8-րդ դպրոցին մասնակցելու հրավերը:  

Երկարամյա գործակցությունը ընդլայնելու համար առաջիկայում միջբուհական երկկողմ ծրագրեր կմշակվեն: