Այսօր Հնդկաստանում նշվում է ամենագունեղ և վառ տոներից մեկը՝ Հոլին: Այս տոնին էր նվիրված ԵՊԲՀ հանրակացարանում հնդիկ ուսանողների մասնակցությամբ անցկացված միջոցառումը:
ԵՊԲՀ-ն այս տոնի առթիվ ևս հնդիկ ուսանողներին պաշտոնապես ազատում է դասերից՝ հարգելով նրանց ազգային և կրոնական առանձնահատկությունները:
Հոլի տոնը հնդկական ամենահայտնի փառատոներից է, որի շրջանակում հնդիկները տոնում են գարնան գալուստը՝ միմյանց վրա լցնելով գունավոր ներկեր։ Հավատալիքի համաձայն` մարդու զգեստները որքան առատորեն պատվեն գույներով, այնքան շատ լավ բարեմաղթանքներ կուղղվեն նրա հասցեին:
Հոլին նաև անվանում են «գույների տոն»: Հնագույն հնդկական տոնակատարությունը մարմնավորում է գարնան խայտաբղետությունը:
Ավանդույթի համաձայն` Հոլիի տոնակատարությունից մի քանի շաբաթ առաջ երիտասարդները շրջում են իրենց բնակավայրերի տարածքում` տոնի կրակի համար վառվող նյութեր փնտրելու համար: Յուրահատուկ քաջություն է համարվում գտածը վերցնել` առանց թույատվություն ստանալու: Հոլի տոնակատարությանը երեկոյան խարույկներ են վառում և տեղի հայտնիները երգում ու պարում են` զվարճացնելով հանդիսատեսին: