Այս օրերին Երևանում է Հնդկաստանում ԵՊԲՀ շրջանավարտների միության նախագահ դոկտոր Դալջիթ Սինկխ Չաուհանը:
ԵՊԲՀ 1998 թվականի շրջանավարտի ղեկավարած կառույցում ներգրաված է ավելի քան 2100 հնդիկ բժիշկ, ովքեր բժշկական կրթություն ստանալով Հայաստանում իրենց մասնագիտկան գործունեությունը շարունակում են հայրենիքում:
Հնդկաստանում ԵՊԲՀ շրջանավարտների միության նախագահի այցը ԵՊԲՀ հագեցած էր: Նա ծանոթացավ ոչ միայն ԵՊԲՀ-ի ուսումնական ծրագրերին, այլև այցելեց համալսարանական կլինիկաներ: Հյուրի ուշադրության կենտրոնում էին հնդիկ ուսանողների ուսումնական գործընթացին և կեցությանը վերաբերող հարցերը:
Հանդիպումների շարքը եզրափակվեց ԵՊԲՀ նիստերի դահլիճում տարբեր կուրսերի հնդիկ ուսանողների հետ հանդիպման ընթացքում: ԵՊԲՀ կարիերայի կենտրոնի կազմակերպած միջոցառմանը ուսանողների հարցերին պատասխանեցին նաև ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը և Օտարերկրացիների ուսուցման ֆակուլտետի դեկան Աննա Սարգսյանը: Հանդիպման վերջում ԵՊԲՀ շրջանավարտը հորդորեց ապագա բժիշկներին լինել պատասխանատու և հավատալ սեփական ուժերին: Նա խոստովանեց, որ Հայաստանն իր երկրորդ հայրենիքն է:
Հնդկաստանում ԵՊԲՀ շրջանավարտների միության նախագահին ընդունել է նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: Քննարկվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև բժշկագիտության ոլորտում հետագա համագործակցության ընդլայնման հետ կապված բազմաթիվ հարցեր: