Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ՄԱԳԱՏԷ-ի ու ԱՀԿ-ի փորձագետներն այցելեցին ԵՊԲՀ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետները ճանաչողական այցով ԵՊԲՀ-ում էին: Հանդիպման նպատակն էր գնահատել բուհում իրականացվող կրթական ծրագրերը, որոնք վերաբերում են ուռուցքաբանությանը, հանրային առողջությանն ու պալիատիվ բժշկական օգնությանը:

Գիտության գծով պրոռեկտոր Կոստանտին Ենկոյանն առողջապահության ոլորտի մասնագետներին ներկայացրեց ԵՊԲՀ-ի կրթական ծրագրերը, անդրադարձավ բուհական, շարունակական կրթությանը, հանրային առողջության ֆակուլտետի մագիստրոսական ծրագրերին, ինչպես նաև համալսարանական կլինիկաների գործունեությանը:

Գիտության գծով պրոռեկտորը, խոսելով ուռուցքբանությանը վերաբերող հարցերի մասին, նշեց, որ այս տարի ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկական ուռուցքաբանական-արյունաբանական ու պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի մանկական արյունաբանական ծառայությունների միավորման արդյունքում ստեղծվել է Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը, որտեղ համալսարանական հիվանդանոցի բժիշկները շարունակում են բժշկական օգնություն ցույց տալ հիվանդներին:

Հայաստանում ուռուցքաբանությանը, պալիատիվ խնամքին առանչվող հարցերին ծանոթանալուց հետո, որոնք վերաբերում են ինչպես ենթակառուցվածքներին, կազմակերպչական խնդիրներին, այնպես էլ կրթական ծրագրերին, իրավիճակը գնահատելուց հետո, փորձագետները կներակայացնեն զեկույց և հանդես կգան առաջարկություններով՝ հետագա համագործակցության ծրագրերն ընդլայնելու նպատակով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) փորձագետների հետ հանդիպմանը ներկա էին Գիտության գծով պրոռեկտոր Կոստանտին Ենկոյանը, Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի վարիչ Արտաշես Թադևոսյանն ու Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ղեկավար Սաթենիկ Բաղդասարյանը: