Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում մեր հանրապետության վիրաբուժության պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համատեղ կոնգրես (www.ess2018.am), որն ընդգրկում է Վիրաբույժների հայկական ասոցիացիայի (AAS, www.AAS.am) 4-րդ հնգամյա կոնգրեսը, Ռեզիդենտների և երիտասարդ գիտնականների եվրոպական 3-րդ համաժողովը: Երկօրյա համագումարին գրանցված է 30 պետությունից ավելի քան 200 մասնակից, հրավիրված զեկուցողների շարքում են նշանավոր գիտնականներ, համալսարանների դասախոսներ, պրակտիկ վիրաբույժներ: Կոնգրեսի աշխատանքներում լայնորեն ներգրավված են հայ վիրաբույժներ Արցախից, Սփյուռքից, Հայաստանի մարզերից: Հրավիրված զեկուցողները ներկայացնում են վիրաբուժության տարբեր բնագավառների նորությունները, ունեն պայմանավորվածություններ Հայաստանի բժշկական կենտրոնների հետ համագործակցության և մեթոդաբանական օգնություն ցուցաբերելու հարցում:
ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, Վիրաբույժների հայկական ասոցիացիան նախագահ, պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանը ողջունեց համագումարի մասնակիցներին, ընդգծելով, որ Հայաստանի վիրաբույժների համար այսօր կրկնակի տոն է, քանի որ նշվում է նաև Հայաստանի վիրաբույժների ասոցիացիայի 80-ամյակը։ Մասնագիտական միավորումը երկարամյա գործունեությամբ էական ներդրում է ունեցել մեր երկրում վիրաբուժության ոլորտի զարգացման, նորագույն տեխնոլոգիաների ներդրման և որակյալ մանագետների պատրաստման գործում։
Պրոֆեսոր Միրիջանյանը շեշտեց, որ ասոցիացիայի գործունեությունն ու համագործակցությունը արտերկրի գործընկերների հետ տարիների շարունակ ունեցել է մեկ նպատակ. մարդկանց առողջության պահպանումը և նրանց կյանքի որակի բարելավումը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը համագումարի մասնակիցներին փոխանցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը։
Նա առողջապահության նախարարության անունից ողջունեց ներկայացուցչական այս համագումարի աշխատանքները, և վստահություն հայտնեց, որ մասնագիտական հավաքը նշանակալի դեր է ունենալու կարևորագույն այս ոլորտի զարգացման և հետագա հաջողությունների գործում:
Հայաստանում վիրաբուժության ոլորտում ձևավորված հարուստ ավանդույթներին, պատմությանը և վառ անհատներին իր ելույթում անդրադարձավ ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Վիրաբույժների հայկական ասոցիացիայի» փոխնախագահ Վիրաբուժության եվրոպական միության նախագահ Սուրեն Ստեփանյանը։ Նա հանգամանալից ներկայացրեց Վիրաբույժների հայկական ասոցիացիայի անցած ճանապարհը, հաջողություններն ու առաջիկա անելիքները։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշեց, որ հատանշական է, որ այսօր հայաստանյան վիրաբույժները դահլիճում ներկա են ողջ աստղաբույլով;
Պրոֆեսորի գնահատմամբ՝ համագումարի շրջանակում հատկապես երիտասարդ մասնագետներն ունեն փորձի փոխանակման և ոլոտի զարգացման ծրագրերի լավ հնարավորություն։ Մեջբերելով ամերիկացի անվանի սրտային վիրաբույժ Մայքլ Դեբեյքիի խոսքերը, նա հավելեց, որ գրված և չգրված օրենքներով վիրաբույժների եղբայրությունը չի ճանաչում սահամաններ, ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս։ Վիրաբույժների ընդհանուր հենարանները ողջ աշխարհում մարդասիրությունն են, հոգատարությունը: Վիրաբուժութունը Արմեն Մուրադյանի բնորոշմամբ՝ բժշկության խիղճն է, իմաստությունը, շարժիչ ուժը։
Համագումարն աշխատանքները կամփոփի սեպտեմբերի 28-ին։ Միջոցառման մասնակիցներին ուղերձներ էին հղել նաև Վրաստանի առողջապահության նախարարը, այլ պաշտոնատար անձինք և առողջապահության ոլորտի օտարերկրացի ներկայացուցիչներ։ Ավանդույթի համաձայն, համագումարի շրջանակում մեծավեցին նաև հայաստանյան վիրաբուժության ոլորտի երկարամյա, փորձառու ներկայացուցիչները։ Շարունակական բժշկական կրթության Եվրոպական կոմիտեի կողմից Կոնգրեսի մասնակիցները ստանալու են առավելագույնը 12 կրեդիտ (12 European CME credits (ECMEC®s)):
Համատեղ կոնգրեսը կարևոր նշանակություն կունենա հայ վիրաբույժների համար աշխարհի առաջավոր կլինիկաների հետ նոր կապերի ստեղծման, ոլորտի նորություններին ծանոթանալու, վիրահատական, բուժական նոր մեթոդները Հայաստանի վիրաբուժությունում ներդնելու առումով:
Նշենք, որ համագումարի համակազմակերպիչներն են ՀՀ առողջապահության նախարարությունը, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը: