Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Պիրոգովի անվան բժշկական համալսարանի կլինիկական օրդինատորի սպասումներն ավելի քան արդարացել են ԵՊԲՀ-ում

 

 ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը ՌԴ Ն. Ի. Պիրոգովի անվան ազգային հետազոտական բժշկական համալսարանի երկրորդ տարվա օրդինատոր Ժուրաբեկ Տուրսումատովին հանձնեց հավաստագիր այն մասին, որ նա թերապևտիկ ստոմատոլոգիա մասնագիտությամբ հաջողությամբ ավարտել է կրթական 5 շաբաթյա ծրագիր ԵՊԲՀ կլինիկական բազաներում:

 

Կլինիկական օրդինատորը ԵՊԲՀ պրոռեկտորին պատմեց իր տպավորությունների մասին: Նա իր գոհունակությունը հայտնեց Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի ընդհանուր ստոմատոլոգիական գործունեության կուրսի դոցենտ Թորգոմ Դաշտոյանից, ով ղեկավարել է իր ուսումնառությունը Երևանում: Փորձի փոխանակման նպատակով ժամանած կլինիկական օրդինատորը մասնակցել է գերժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ և կիրառմամբ ստոմատոլոգիական բարդ գործընթացների:

 

«Ես անգամ ինձ համար հիսուն կետից բաղկացած ցանկ եմ կազմել բոլոր այն նորարարությունների մասին, որոնք տեսա և սովորեցի այստեղ»,- ընդգծեց Ժուրաբեկ Տուրսումատովը, ով նաև հասցրել է ծանոթանալ Հայաստանի գեղատեսիլ վայրերին, և ամենակարևորը՝ ձեռք բերել հայ ընկերներ:

 

Սովորողը խոստովանեց, որ հատկապես իմպլանտոլոգիայի ոլորտում հայ մասնագետների գիտելիքներն ու փորձը գերազանցել են իր սպասումները: Նշենք, որ հինգ շաբաթ տևողությամբ դասընթացը իրականացվել է ԵՊԲՀ-ի և Ն. Ի. Պիրոգովի անվան համալսարանի միջև ստորագրված պայմանագրի հիման վրա: