ՌԴ Ն. Ի. Պիրոգովի անվան ազգային հետազոտական բժշկական համալսարանի երկրորդ տարվա օրդինատոր Ալմազբեկ Բերդիկուլովը թերապևտիկ ստոմատոլոգիա մասնագիտությամբ հաջողությամբ ավարտեց կրթական 3 շաբաթյա ծրագիրը ԵՊԲՀ կլինիկական բազաներում:
Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը, Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի ղեկավար Սաթենիկ Բաղդասարյանի ներկայությամբ այսօր սովորողին հանձնեց ուսումնառության մասին վկայող հավաստագիրը, ինչպես նաև ընդգծեց, որ ԵՊԲՀ-ի և Ն. Ի. Պիրոգովի անվան համալսարանի միջև ստորագրված պայմանագրի հիման վրա առաջիկայում ևս նման փոխանակային ծրագրերը շարունակական են լինելու: Պրոռեկտորը հավաստիացրեց, որ երկու բուհի միջև համագործակցության ընդլայնումը մշտական ուշադրության կենտրոնում է:
«Շատ ուրախ ենք, որ կրթական այս ծրագիրը օգտակար է եղել Ձեզ համար: Հույս ունենք, որ համագործակցության ծրագրերի շրջանակում կրկին կունենաք հնարավորություն այցելել մեր երկիր, ծանոթնալ մեր երկրի հնարավորություններին»,- նշեց Գառնիկ Ավետիսյանը:
Կլինիկական օրդինատորը պատմեց Երևանում ստացած տպավորությունների մասին:
Նա բարձր գնահատեց կրթական այս 3 շաբաթյա ծրագրի իր ղեկավար, Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի ընդհանուր ստոմատոլոգիական գործունեության կուրսի դոցենտ Թորգոմ Դաշտոյանի աշխատանքը:
«Ղեկավարիս շնորհիվ ես ծանոթացա նոր տեխնոլոգիաների, նոր նպատակներ սահմանեցի ինձ համար այս ոլորտում»,- հետբուհական կրթության պատասխանատուներին ասաց Ալմազբեկ Բերդիկուլովը:
Նախքան Երևան ժամանելը նա միայն լսել էր Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մասին, այսօր խոստովանում է, որ չափազանց տպավորված է, թե´ կրթության մակարդակով, թե´ կեցության պայմաններով և թե´ մեր երկրի գեղատեսիլ վայրերով:
Սովորողը կարճ ժամանակահատվածում հասցրել է նաև ձեռք բերել նոր ընկերներ: Հանդիպման ավարտին նա մաղթեց, որպեսզի մեր երկրիրն ու Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում մատուցվող որոկյալ կրթությունը առավել ճանաչելի դառնան ողջ աշխարհում: