Շրի Լանկայից ժամանած պատվիրակության անդամների այցը ԵՊԲՀ շարունակվում է: Արտերկրի գործընկերների այցի նպատակը բժշկական կրթության ոլորտում բուհական երկու երկրի միջև համագործակցության ակտիվացումն է:
Երկրորդ օրը պրոֆեսորներ Սամանկումար Չանդրագուպտա Վիմալասունդերան և Հիդդադուրա Նավին Դեշիկա Սոյսան ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի, ինչպես նաև կրթության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ այցելեցին համալսարանական հիվանդանոցային համալիրներ:
Հյուրերը ծանոթացան «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի» գործունեությանը, այցելեցին տարբեր բաժանմունքներ: Տեղում հետևեցին ուսումնառության ընթացքին:
Նրանք հետաքրքրված էին, մասնավորապես, համալսարանական կլինիկաների աշխատանքներում ուսանողների ներգրավածության, ուսումնական գործընթացի կազմակերպման հարցով:
Երկու բժշկական կազմակերպությունում էլ ղեկավարները պրոֆեսորներին ներկայացրին հիվանդանոցների հնարավորությունները, մատուցվող բժշկական ծառայությունները: Անդրադարձ կատարվեց նաև դասավանդող անձնակազմի պատրաստվածությանը:
Շրիլանկացի մասնագետներն այցելեցին նաև Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ, որը ղեկավարում է Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը:
Նա խոսեց ոչ միայն ԵՊԲՀ այս կլինիկական բազայում իրականացվող աշխատանքների մասին, այլև հյուրերին ներկայացրեց մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում մեր երկրի գրանցած վերջին հաջողությունները:
ՁԻԱՀ-ի և նախածննդյան խնամքի արդյունավետ ծառայությունների, ինչպես նաև մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման ինտեգրված համակարգի ստեղծմանն ուղղված նպատակային ջանքերն ու հետևողական քայլերը վերջին 15 տարիներին Հայաստանում տվել են իրենց պտուղները: Պատահական չէ, որ Կուբայից հետո Հայաստանը Բելառուսի և Թայլանդի հետ միասին աշխարհում երկրորդ, իսկ ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի 53 երկրների թվում Բելառուսի հետ առաջին երկիրն է, որը 2016թ. արժանացել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագրի:
Նշենք, որ Շրի Լանկայի բժշկական խորհրդի հետ համագործակցությունը շարունակական է լինելու և առաջիկայում ծրագրվում է ԵՊԲՀ ներկայացուցիչների այցն այնտեղ:
Երևանյան այցի երկրորդ օրը եզրափակվեց ԵՊԲՀ հանրակացարանում, ուր արտերկրից ժամանած գործընկերները ծանոթացան օտարերկրացի ուսանողների կացության, հանգստի կազմակերպման պայմաններին: