«Էրազմուս +» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում հունիսի 11-ից 15-ը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում էր Արիստոտելի անվան Թեսալոնիկի համալսարանի ներքին հիվանդությունների ամբիոնի դոցենտ Կոնստանտինոս Ցիոմալոսը:
Մասնագետը հանդես եկավ հինգ դասախոսությամբ, որոնք նվիրված էին դիսլիպիդեմիաների, հիպերտոնիայի, ատորական ֆիբրիլյացիայի, 2-րդ տիպի շաքարային դիաբետի և գիրության ախտորոշման և բուժման հարցերին:
Կոնստանտինոս Ցիոմալոսը առաջին անգամ էր Հայաստանում: Ամփոփելով իր հնգօրյա այցը՝ նա ընդգծեց, որ տպավորված է հատկապես ԵՊԲՀ ուսանողներով, ովքեր չնայած քննական շրջանով պայմանավորված զբաղվածությանն ակտիվ մասնակցություն ունեցան իր դասախոսություններին, աչքի ընկան օտար լեզվի լավ իմացությամբ, հաղորդակցվելու կարողությամբ:
Թեսալոնիկի համալսարանի ներքինհիվանդությունների ամբիոնի դոցենտը ողջունեց նաև այն հանգամանքը, որ ուսուցումը ԵՊԲՀ-ում եռալեզու է և աշխարհի տարբեր երկրներից սովորողներ ներգրավելը դրական ազդեցություն է թողնում ոչ միայն համալսարանի, այլև երկրի տնտեսության վրա:
«Ձեր երկրում շատ բան կա տեսնելու»,- ընդգծեց դասախոսը: Նա հինգ օրերի ընթացքում հասցրել է ծանոթանալ նաև Հայաստանի պատմությանը, այցելել թանգարաններ:
Նշենք, որ «Էրազմուս +» Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների աշխատակիցներին ուսանելու և (կամ) մասնագիտական փորձ ձեռք բերելու մեկ այլ երկրում: