Հնդկական մշակութային շնչով, երաժշտությամբ և պարերով էր հագեցած Հնդկաստանի դեսպանության նախաձեռնությամբ ԵՊԲՀ-ում կազմակերպված միջոցառումը` նվիրված Հնդկաստանի պաշտոնական և ազգային լեզվին` հինդիին:
Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան` իր և դեսպանատան ներկայացուցիչների անունից ողջունեց հյուրերին, ուսանողներին` մայրենիով հնչող ելույթում կարևորելով հինդիի նշանակությունն աշխարհում:
Հինդիի օրը նշվում է ամեն տարի սեպտեմբերի 𝟭𝟰-ին: Դիվանագետը հիշեցրեց, որ 𝟭𝟵𝟰𝟵 թվականի հենց այս օրը, Հնդկաստանի հիմնադիր խորհրդարանը որոշում ընդունեց հինդին հռչակել Հնդկաստանի պետական լեզու:
«Հինդին միավորում է մեզ և այն մեր հպարտությունն է, անբաժան մասը»,- ընդգծեց դեսպանը` հորդորելով հնդիկ սովորողներին հնչեցնել այն և հարգել:
ԵՊԲՀ օտարերկրացիների հետ տարվող աշխատանքների բաժնի ղեկավար, ազգությամբ հնդիկ Ռահուլ Անիլ Սետհիի ելույթը ևս տպավորիչ էր.
«Այս լեզվով մեր մայրն է խոսում և այն մեզ ծանոթ է դեռ ներարգանդային կյանքում, այն մեր արյան մեջ է և միաժամանակ ուրդուն` Հնդկաստանի պետական լեզուներից մեկը ևս նույնքան հարազատ է մեզ և մենք հպարտ ենք դրանով»:
Ամբիոնից հինդիի մասին ու հինդիով խոսեցին նաև լեզվագիտական համալսարանների, կրթական կառույցների ներկայացուցիչներ, այս լեզուն ուսումնասիրողներ:
Մասնակիցների գնահատմամբ, բնակչության աճով պայմանավորված, հինդին ունի միջազգային լեզվի վերածվելու ներուժ:
Նշենք, որ Լեզուների տարածման ու զարգացման հարցերի քննությամբ ու վիճակագրությամբ զբաղվող եվրոպական Էթնոլոգ (Ethnologue) կազմակերպության՝ ամիսներ առաջ հրապարակած հետազոտությունների արդյունքներով, հինդին աշխարհի ամենաշատ խոսվող առաջին 10 լեզուներից երրորդն է:
ԵՊԲՀ-ում կրթություն է ստանում շուրջ 400 հնդիկ ապագա բժիշկ: Նրանք ևս ոգևորությամբ մասնակցեցին իրենց ազգային լեզվին նվիրված միջոցառմանը` մեծարելով այն լեզուն, որով հաղորդակցվում են միմյանց հետ հայրենիքից հեռու, առօրյայում: