Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում շարունակվում են մեծ ծրագրեր կյանքի կոչվել: Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, վնասվածքաբան-օրթոպեդ Արմեն Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ընդլայնվել է օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքը. «Բաժանմունքը գոյություն ուներ, մենք այժմ լայնացնում, մեծացնում ենք ծավալը ՝ դրանով հասնելով անհամեմատ բարձր մակարդակի, այն ինչը չէր արվում՝ հիմա կարվի»:
Վնասվածքաբանի խոսքով՝ ամբողջ ծավալով և բարձր տեխնոլոգիաներով կատարվելու են վիրահատություններ և բուժումներ, որոնց մեծ մասը հաճախ փոքր միջամտություններով. «Փոքր միջամտությունների արդյունքում մենք ստանում ենք մեծ արդյունքներ, այսինքն՝ կտրվածքը, վնասը դեպի մարմին շատ փոքր է, բայց արդյունքը բավականին մեծ»: Արմեն Այվազյանը նշեց, որ կատարվելու են բոլոր փակ և բաց կոտրվածքների, ներհոդային կոտրվածքների բուժումներ, ինչպես նաև խնդիրների շտկումներ ՝ կապված մետաղական սարքերի հետ:
«Կատարվելու են հետվնասվածքային, այսինքն` ոչ արդյունավետ վիրահատված, բուժված բարդությունների բուժումներ, ոսկրերի ինֆեկցիոն և բորբոքային հիվանդությունների բուժումներ, ոսկրապլաստիկ վիրահատություններ՝ ոսկրերի երկարացում, կարճացում և առանցքների շտկում, ոսկրահատումներ, հոդերի և ոսկրերի էնդոպրոտեզավորում, այսինքն` փոխպատվաստում: Կատարվելու են անդրոսկոպիկ վիրահատական միջամտություններ, փափուկ հյուսվածքների վնասվածքների բուժումներ, ոսկրերի, ինչպես նաև փափուկ հյուսվածքների նորագոյացությունների վիրահատություններ, նվազ վնասվածքային վիրահատություններ, օրթոպեդիկ հիվանդների կոնսերվատիկ բուժումներ»,-իր խոսքը եզրափակեց Այվազյանը: